Հոկտեմբեր 01, 2019 17:57 Asia/Tehran

Եվրասիական տնտեսության միությունն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունն ու բանակցություններ է վարում 13 երկրների հետ: Այս մասին Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր միության շփումների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է, միությունը առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների եւ ավելի քան 20 միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը:

Պուտինի խոսքով՝ շուտով ԵԱՏՄ-ի եւ Հնդկաստանի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին բանակցություններ կսկսվեն:   

ՌԴ նախագահի խոսքով՝ լավ տեմպերով է կատարելագործվում նաև էներգետիկայի ոլորտում  Միության օրենսդրության կատարելագործումը: Նա հույս հայտնեց, որ մոտ ժամանակներում ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ միացյալ էլեկտրաէներգետիկ շուկայի պայմանավորվածությունները:

«Ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածությունը պետք է ձևավորվի գազի, նավթի ու նավթամթերքի միութենական շուկայի հետ՝ 2025թ-ին: Առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել անդամ երկրների օրենսդրությունների միասնականացումը գազի մատակարարման ու փոխադրման ոլորտում: Անհարժեշտ է նաև շարունակել զարգացնել անդամ երկրների համագործակցությունը թվային տնտեսության ոլորտում: Մասնավորապես, ընդհանուր շահերից է բխում աշխատատեղերի որոնման ստանդարտացված համակարգի մեկնարկը, որը թույլ կտա մեր երկրների քաղաքացիներին ինտերնետի միջոցով իմանալ ազատ աշխատատեղերի մասին Միության բոլոր երկրներում»,- շեշտեց ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ մեծ նշանակություն ունի ԵԱՏՄ մաքսային տարածք ներկրված ապրանքների հետագծելիության համաձայնագրի իրականացումը:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մեր այսօրվա որոշման համաձայն կստանա համապատասխան լրացուցիչ լիազորություններ: Կարևոր է ապահովել Միության շուկայում ապրանքների շրջանառության թափանցիկությունը, դրա համար անհրաժեշտ է իրականացնել իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային ուղեկցող ապրանքային փաստաթղթերի լիարժեք փոխանակում, ինչպես նաև ավելի ակտիվ ներդնել ապրանքների էլեկտրոնային մակնշումը: Պիլոտային նախագիծը հաստատել է այս միջոցի արդյունավետությունը մաքսանենգ ապրանքերի դեմ պայքարում ու ավելացրել հարկային մուտքերը»,- նկատեց Պուտինը:

ՌԴ նախագահը կարևորեց փոխարդյունավետ տնտեսական համագործակցության ամրապնդումը երրորդ երկրների հետ: «Մեր Միության շփումների աշխարհագրությունն աստիճանաբար աճում է. Միությունը համագործակցության առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների, նաև՝ ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ: Շուտով ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ են մեկնարկելու Հնդկաստանի հետ»,- եզրափակեց նա:

Իր ելույթի ավարտին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքի կազմակերպման համար:

 

news.am

Պիտակ