Հունվար 05, 2020 22:04 Asia/Tehran
  • ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող կեղծ լուրեր տարածող ֆեյսբուքյան օգտատիրոջը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Դիանա Հարությունյան» Facebook-ի կեղծ էջը վարող օգտատիրոջը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

 ԱԱԾ հաղորդագրությունում մասնավորպես ասված է.

«Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։

Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր  հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը  տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է»:

armtimes.com

Պիտակ