Հունվար 07, 2020 08:26 Asia/Tehran
  • Իսկանդարյան. «Լայնածավալ պատերազմը Թրամփին ընդհանրապես ձեռնտու չէ»

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ամերիկյան զինուժի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության հետ կապված արձագանքներին:

Հայաստանի արտաքին գերատեսչությունում հավատարմագրված դեսպանների հետ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ ՀՀ համար լավագույն տարբերակը պետության անունից նման հայտարարություն հնչեցնելն է: Անդրադառնալով ամերիկյան զինուժի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության հետ կապված`ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«Կարծում եմ` ունեցել են որոշ նյութեր, ինչը թույլ է տվել ընկալել, որ սա է լավագույն տարբերակը: Դրանից բացի, տեղի է ունեցել հեռախոսազրույց Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև, որի ընթացքում հնչել են ցավակցական խոսքեր ու քննարկվել են տարածաշրջանում առկա խնդիրները»,- նշում է իրանագետը: 

Իսկանդարյանի տեղեկացմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարը զանգահարել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային բարեկամ երկրների բոլոր արտգործնախարարներին՝ ներկայացնելով, թե ներկա պահին ինչ իրավիճակ է ստեղծվել Իրանում, և ինչ քաղաքականություն են փորձում իրականացնել տեղի իշխանությունները: Շուտով ԻԻՀ դեսպանատանը կբացվի սգո մատյան, որում ցանկացողները կարող են գրել իրենց ցավակցական խքոսերը: 

«Իսկ ինչո՞ւ այսքան ուշ, որովհետև Իրանի դեսպանն այս պահին այստեղ չէ, հետևաբար, աշխատանքներն այդ պատճառով հապաղում են: Չնայած այս հանգամանքին՝ Երևան-Թեհրան սերտ համագործակցությունը շարունակվում է, բոլոր խնդիրները քննարկվում են, ուստի սոցցանցերում լարված մթնոլորտն անհասկանալի է: Կոչ կանեմ բոլորին հատկապես այս օրերին հանդարտ լինել և չմտցնել հավելյալ լարվածություն, որովհետև իրավիճակն առանց այդ էլ շատ զգայուն է»,- նշում է իրանագետը: 

Գերտերությունների արձագանքներն այս հարցում տարբեր են: Իրանագետն ընդգծում է հատկապես ՌԴ քննադատական արձագանքը, ըստ որի՝ խնդիրները նման կերպ չեն կարգավորվում: Շատերի արձագանքն էլ կախված է նրանց և ԱՄՆ-ի հետ առկա կապերից, հարաբերությունների սերտության աստիճանից: 

Գոհար իսկանդարյանը հուսով է, որ լայնածավալ պատերազմ չի լինի, որովհետև պատերազմը Թրամփին ընդհանրապես ձեռնտու չէ: Տասնմեկ ամիս հետո կայանալու են նախագահական ընտրությունները: Ոչ ոք չի կարող հաշվարկել, թե լայնածավալ պատերազմի դեպքում որքան կլինի զոհերի թիվը, և արդյո՞ք բազմաթիվ զոհերի պարագայում մարդիկ իրենց վստահության քվեն նորից կտան Թրամփին: 

Հիշեցնենք` հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

armeniasputnik.am

 

Պիտակ