Հունվար 10, 2020 12:20 Asia/Tehran
  •  Հակամարտությունը մտնում է ռազմավարական հարթություն. առաջիկա 1-2 տարում Մերձավոր Արեւելքում հանգիստ չի լինի. Սաֆրաստյան

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության առաջին՝ մարտավարական փուլն ավարտված է: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԳԱ Արեւալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, հիմա հակամարտությունը կտեղափոխվի ռազմավարական հարթություն, որն ավելի կարեւոր խնդիրների է վերաբերելու. «Ամենակարեւորն այդ խնդիրներից հետեւյալն է. Իրանը շատ հստակ հայտարարել է,   որ ամեն ինչ կանի, որ  վերջ տա  ամերիկյան  զինված ուժերի ներկայությանը Մերձավոր Արեւելքում: Սա իսկապես կարեւոր ռազմավարական ու մեծ նպատակ է, որ իր առջեւ դրել է Իրանը: Դա կարեւոր հետեւանքներ ունեցող նպատակ է:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ խնդիրները այդքան միանշանակ չեն դրվում: Երբ իշխանության էր գալիս Թրամփը, նա հստակ հայտարարում էր, որ իր համար ամենակարեւորը ԱՄՆ-ն է եւ դրանից ելնելով նա հայտարարում էր, որ պետք է ձգտի թուլացնել ամերիկյան ներկայությունը տարբեր տարածաշրջաններում:

Այս նպատակը, որ նա հայտարարել է իր նախագահության սկզբնական շրջանում, ես չեմ կարծում, որ կիսում է ամերիկյան իսթեբլիշմենթը: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս նպատակը չի հաջողվում Թրամփին իրականացնել»,-ասաց Սաֆրաստյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի հայտարարվեց, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Սիրիայից, բայց դա կիսատ մնաց. «Այս մոտեցումը Թրամփի ես գնահատում եմ որպես շատ կարեւոր ռազմավարական նշանակության մոտեցում, եթե այն ընդունվի ԱՄՆ ղեկավարության կողմից: Աշխարհը միջազգային հարաբերությունների առումով մտնում է մի նոր փուլ: Այդ փուլի առաձնահատկությունը պետք է լինի այն, որ մեկ երկիր, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ը, ուղղակի հնարավորություն չի ունենա պոտենցիալը տարածել աշխարհի տարբեր տարածաշրջաններում  եւ դրան հաղորդել ռազմական ներկայության տեքստ: Սա օբյեկտիվ է եւ Թրամփի ձգտումը՝ պակասեցնել ամերիկյան ներկայությունը տարբեր տարածաշրջաններում բխում է օբյեկտիվ օրինաչափությունից»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ՄերձավորԱրեւելքին, այստեղ, ըստ Սաֆրաստյանի, ԱՄՆ-ը շատ լուրջ ռազմական ներկայություն ունի. «Ըստ էության Իրանը շրջապատված է ամերիկյան զինված ուժերով: Եթե Իրանն իր առջեւ դնում է այդպիսի խնդիր, դա նշանակում է, որ բախումը երկու երկրների միջեւ կտեղափոխվի ռազմավարական հարթություն: Կարծում եմ՝ մոտակա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արեւելքում հանգիստ չի լինի»:

News.am

 

Պիտակ