Դեսպանների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. հետաքրքիր սինքրոն
(last modified Wed, 12 Feb 2020 15:13:23 GMT )
Փետրվար 12, 2020 18:43 Asia/Tehran
  • Դեսպանների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ. հետաքրքիր սինքրոն

Վարչապետ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ դեսպանների հետ և խոսել այս օրերի ամենաաղմկոտ հարցի՝ սահմանադրական հանրաքվեի, նաև Հայաստանում իրականացվող և իրականացվելիք ռեֆորմների մասին:

Այս հանդիպումը նախ էական է մի հանգամանքի բերումով: Դեսպանները մի քանի օր առաջ հանդիպել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Դա հենց այն նիստից առաջ էր, որի ընթացքում պարզ դարձավ, որ ՍԴ դատարանակազմի հարցում իշխանությունը գնում է հանրաքվեի: Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից օրեր անց Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը առավել հետաքրքիր է:

Նախ ուշագրավ է, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանդիպումը: Որովհետև առաջանում է հարց, թե արդյոք դեսպանները բավարարվա՞ծ չեն Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքից, կամ արդյոք հանդիպումից հետո նրանց համար եղե՞լ են անակնկալներ, օրինակ, հանրաքվեի նախաձեռնությունը: Թե՞ ԱԺ նախագահի հետ հանդիպումը բավարար չի համարել իշխանությունը և հարկ է համարել հանդիպում նաև վարչապետի մակարդակով: Դա նշանակո՞ւմ է, որ ԵԱՀԿ դեսպաններից ստացված ազդակները Երևանի համար եղել են մտահոգիչ, և անհրաժեշտ է համարվել ամենաբարձր մակարդակով կազմակերպել ևս մի հանդիպում, նախ՝ դեսպանների հանդեպ, այսպես ասած, ուշադրություն ընդգծելու առումով, և հավելյալ բովանդակային, քաղաքական բացատրություններ ներկայացնելու:

Հանդիպումը անկասկած ցույց է տալիս, որ Երևանը պատասխանատու և լուրջ է մոտենում հարցին և ամենևին չի անտեսում այն, առաջնորդվելով զուտ ներքին տրամաբանությամբ: Միևնույն ժամանակ, այստեղ, անշուշտ, անհրաժեշտ է դիտարկել նաև մեկ այլ հանգամանք՝ հանրաքվեի արտաքին կապիտալիզացիայի հանգամանքը: Անխոս, իշխանությունն այդ քայլով լուծում է մի շարք հարցեր, բացի ՍԴ կազմի հարցից: Եվ այդ իմաստով, հանրաքվե-վստահության քվեն նաև արտաքին դաշտում մի շարք հարցադրումների անդրադառնալու հնարավորություն է: Եվ այդ իմաստով էլ, ԵԱՀԿ դեսպանների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է վկայել գործընթացի լայն ընդգրկման մասին: Առավել ևս, որ առկա է բավականին հետաքրքիր և ուշագրավ սինքրոն՝ Վիեննայում այս օրերին Հայաստանի արտաքին գործերի նախարարն էլ արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու մարտահրավերներն է քննարկել արտերկրում, այդ թվում նաև ԵԱՀԿ անդամ, եվրոպական երկրներում, միջազգային կառույցներում հավատարմագրված հայաստանյան դիվանագետների հետ:

1in.am

 

Պիտակ