ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքն իր մտահոգություններին
(last modified Sat, 28 Mar 2020 11:38:27 GMT )
Մարտ 28, 2020 16:08 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքն իր մտահոգություններին

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքն արտակարգ դրության հետ կապված իր մտահոգություններին:

«Ես ողջունում եմ ՀՀ իշխանություններից ստացված բացատրական հուշագիրը ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ` մամուլի ներկայացուցչի կողմից մարտի 24-ի մամուլի հաղորդագրությանն ի պատասխան:

Մասնավորապես, ես կցանկանայի նշել, որ կառավարությունը որոշում է կայացրել փոփոխել արտակարգ դրության մասին որոշումը, որը վերաբերում է լրատվամիջոցների գործունեության կանոններին` ինձ, լրատվամիջոցների պաշտպանության ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպություններին եւ Հայաստանում խմբագիրներին մտահոգող հարցերը լուծելու համար, ինչպես նաեւ` ի պատասխան խոսքի ազատության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը, որն արտացոլված է մարտի 19-ի մեր համատեղ հայտարարության մեջ»,- հայտարարել է Դեզիրը:

Նրա խոսքով` բացատրական հուշագրում նշվում է, որ կառավարության որոշումը կարգավորում է միայն բժշկական եւ համաճարակաբանական բնույթի տեղեկատվության հրապարակումը` դրանով իսկ երաշխավորելով լրատվամիջոցների իրական ազատությունն այս նեղ թեմայից դուրս:

Դեզիրը շեշտել է, որ նա կիսում է ՀՀ կառավարության մտավախությունը կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարում, բայց, միեւնույն ժամանակ, հիշեցրել է «տեղեկատվության ազատ հոսքի ապահովման կարեւորությունը, որն առանցքային բաղադրիչ է հասարակությանը վիրուսի զսպման համար անհրաժեշտ կենսական միջոցների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես նաեւ` լրատվամիջոցների` պանդեմիայի եւ պետական քաղաքականության մասին տեղեկացնելու իրավունքը հարգելու համար»:

«Մենք կշարունակենք համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ արտակարգ դրության ընթացքում եւ դրանից հետո` ֆեյքային նորությունների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի փորձ եւ ռազմավարություն մշակելով»,- ասել է նա:

Verelq.am

 

 

Պիտակ