Ապրիլ 20, 2020 09:12 Asia/Tehran
  • Եվրոպան փորձում է հետ չմնալ. նոր առաջարկ Հայաստանին

Եվրոպայի խորհրդարանը հրապարակ է բերել ԵՄ Արևելյան գործընկերության երկրներին ԵՄ հետ տնտեսական միասնական տարածք առաջարկելու գաղափարով:

Գաղափարը քննարկվելու է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և մեծ է հավանականությունը, որ այն կարժանանա հավանության:

Եվրախորհրդարանում ամբողջապես հավանության դեպքում, ինչը նախատեսվում է մինչև հունիս, այն կներկայացվի ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրներին: Ինչպես հայտնի է, այդ երկրները վեցն են՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններ: Ծրագրի անդամ են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսն ու Ադրբեջանը: Առայժմ, իհարկե, բարդ է հեռուն գնացող դիտարկումներ անել դեռևս նոր գաղափարի շուրջ, որը պետք է անցնի ճանապարհ, մինչև, օրինակ, Հայաստանին հասնելը: Սակայն ակնառու է նաև, որ Երևանն արդեն իսկ պետք է մտորի իր դիրքորոշման շուրջ: Իսկ այստեղ պատկերը բավականին հարաբերական ու հակասական է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Առայժմ մանրամասներ հայտնի չեն, թե ինչ է նշանակում եվրոպական առաջարկը, սակայն գործնականում բարդ է պատկերացնել, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանի համաժամանակ անդամակցություն թե՛ Եվրասիական տնտեսական տարածքի, թե՛ որևէ այլ միասնական տարածքի:

Օրինակ՝ 2013 թվականին Եվրոպան Հայաստանին ասաց, որ դա հնարավոր չէ, և այդպիսով Երևանը կատարեց պարտադրված շրջադարձը ԵՏՄ: Արդյոք անհրաժե՞շտ էր այդ ժամանակ դիտարկել որևէ այլ տարբերակ Հայաստանին ուղեծրում պահելու համար: Իհարկե, հետին թվով դիտարկումներ անելը կարող է լինել բավականին դյուրին, քանի որ հենց այդ ժամանակ շոկի մեջ էին բոլորը: Բայց, այդուհանդերձ, տեղի ունեցածը անշուշտ ունի հետահայաց լուրջ դիտարկումների կարիք թե՛ Հայաստանի հանրության, թե՛ եվրոպական քաղաքականության պատասխանատուների համար, հատկապես ԵՄ հետ միասնական տնտեսական տարածք գաղափարի առկայության պայմաններում:

Անհրաժեշտ է ապահովել գաղափարի կիրառելիության կամ իրացվելիության ճկունությունը, քանի որ անկասկած է Ռուսաստանից դրա հանդեպ դիմադրության մեծ աստիճանը: Ավելին, այստեղ մրցակցությունը թերևս լինելու է առավել թեժ, հաշվի առնելով կորոնավիրուսային նոր իրավիճակն ու հետկրոնավիրուսային իրողությունները: Ակնառու է, որ գլոբալ խաղացողների միջև տեղի է ունենում վերադասավորում, և Չինաստանը կատարում է մի քանի քայլ առաջ, ու թեև Վաշինգտոնը ցուցաբերում է կոշտ դիմադրություն, սակայն աներկբա է, որ գերտերություն ԱՄՆ դեմ չէ, որ աշխարհակարգի գծագրման գործընթացում որպես երկրորդ դերակատար տեսնել Չինաստանին, իհարկե, հնարավորինս թուլացած և կառավարելի:

Այդ դիմակայությունն անշուշտ նշանակելու է էական վերադասավորումներ ԱՄՆ-Չինաստան տարածությունում, որն անցնում է Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն: Այն գաղափարը, որ Մոսկվան, օրինակ, առաջ էր քաշում ԵՄ-ԵՏՄ համատեքստում, գործնականում կարող է հայտնվել ԱՄՆ-Չինաստան հարաբերության տիրույթում, երբ Վաշինգտոնն ու Պեկինը կփորձեն բաժանել ու դասավորել, կամ վերադասավորել Լիսաբոնից Վլադիվոստոկ տարածությունը: Ըստ այդմ, փաստացի եվրոպա-եվրասիական քաղաքական սահմանը կազմող Արևելյան գործընկերության վեց երկրներին առաջարկը, որ գաղափարի տեսքով արդեն քննարկվում է Եվրոպայի խորհրդում, իր դիմադրությունն է ունենալու ոչ միայն Ռուսաստանում, որքան հնարավոր է Վաշինգտոնում ու Պեկինում: Ավելին, հնարավոր է անգամ դիտարկել սցենար, երբ Ռուսաստանն անգամ շահագրգռություն կցուցաբերի եվրոպական գաղափարի հարցում, դիտարկելով այդ գործընթացը առնվազն խաղաքարտ Վաշինգտոն-Պեկին գործընթացում կամ խաղում դեր ունենալու, ներգրավվելու համար:

Մյուս կողմից, Եվրոպայի խորհրդարանում հասունացող գաղափարն ինքնին հնարավոր է դիտարկել Եվրամիության այդպիսի հաշվարկի շրջանակում՝ դուրս չմնալ ամերիկա-չինական խաղից, որին զգալի ներգրավվածություն Ռուսաստանն իհարկե ունի: Հայաստանն անշուշտ պետք է պատրաստվի կարևոր որոշումների, սակայն ոչ միայն որոշումների, այլ հնարավոր է տևական խաղ, գործընթացի, որտեղ բանը կարող է անգամ չհասնել որոշումների, և արդյունքը պայմանավորված լինել ոչ թե դրանով, այլ խաղի ընթացքում մասնակցությամբ և հմտությամբ: Մեծ հաշվով, Երևանի համար խնդիրը, անշուշտ, նոր առաջարկը դիմակայության ռեժիմ չտանելն ու հնարավորության ռեժիմում օգտագործելն է:

1in.am

 

Պիտակ