ՀՀ վարչապետ. «Հայ-իրանական հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով»
Շաբաթ օրը կայացած առցանց մամուլի ասուլիսում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
168.am կայքի թղթակիցը հայ իրանական հարաբերությունների վերաբերյալ հարց էր ուղղել վարչապետին, նշելով, որ վերլուծական շրջանակները մտահոգություն են հայտնում հարաբերությունների ներկա մակարդակի կապակցությամբ:
Լրագրողը նշել էր, որ ՀՀ կառավարությունը հարաբերություններին անհամարժեք արձագանք տվեց տարեսկզբին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի սպանությանը, իսկ Իրանում տեղի ունեցած վերջին ողբերգության առիթով, երբ զորավարժությունների ժամանակ զոհվեց 19 մարդ, անգամ ԱՄՆ-ը ցավակցություն հայտնեց Թեհրանին, սակայն Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց:
Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Նշված ժամանակահատվածում Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի քանի հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերոջ հետ: Ես նույնպես հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ շփումները պետք է շարունակենք, որպեսզի հաղթահարենք կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը: Հայաստանի կառավարության անդամները մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում: Այս ընթացքում արտակարգ իրավիճակների շտաբի ղեկավարը նույնպես միշտ կապի մեջ է եղել Իրանի գործընկերների հետ»:
ՀՀ վարչապետը նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով: