Մայիս 20, 2020 20:41 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը։

ԱՄՀ Գործադիր խորհրդի որոշումը 280 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանին անմիջապես տրամադրելու հնարավորություն է տալիս:

• Հասանելիության ավելացումը իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում եւ կապահովի ռեսուրսներով`կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (ԿՈՎԻԴ-19) համավարակի հրատապ մարդկային եւ տնտեսական հետեւանքներին դիմակայելու համար:

• Մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար իշխանությունները ձեռնարկել են մոտակա ժամանակահատվածում ԿՈՎԻԴ-19-ի ազդեցությունը մեղմելու մի շարք միջոցառումներ եւ հավատարիմ են ներառական ու դիմակայուն աճի խթանմանը եւ սոցիալական ծախսերի երաշխավորմանն ուղղված շարունակական տնտեսական բարեփոխումներին:

Վաշինգտոն, Կ.Շ. - Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Հայաստանի եռամյա «Սթենդ-բայ» ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար) չափով, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ-ի Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին (տե՛ս մամուլի թիվ 19/173 հաղորդագրությունը):

Գործադիր խորհուրդը հաստատել է նաեւ իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով ավելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման եւ հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար):

ԿՈՎԻԴ-19 համավարակի եւ համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման ազդեցությամբ խաթարվեցին Հայաստանի տնտեսության միտումից բարձր աճը եւ նպաստավոր տնտեսական պայմանները: Մոտակա ժամանակահատվածի հեռանկարի կանխատեսումը էականորեն թուլացել է, ընդ

որում հարկաբյուջետային եւ ընթացիկ հաշվի պակասուրդներն այս տարի էականորեն ընդլայնվել են: Հիմնադրամի աջակցությունը Հայաստանին կօգնի այս մարտահրավերներին, այդ թվում՝ ԿՈՎԻԴ-19 համավարակի անմիջական սոցիալ- տնտեսական հետեւանքներին դիմագրավելու հարցում:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահ պրն. Թաո Ժանգն արեց հետեւյալ հայտարարությունը.

«2019 թ. բարձր կատարողականից հետո՝ Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց ԿՈՎԻԴ-19 համավարակի հետեւանքով: Կառավարությունը նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին՝ զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ, միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին եւ խոցելի անհատներին:

2020 թ. կանխատեսվում է բյուջեի պակասուրդի էական մեծացում՝ արտացոլելով եկամուտների վրա ցիկլի ազդեցությունը եւ առողջապահության ու խոցելի տնային տնտեսությունների եւ ընկերությունների տնտեսական աջակցմանն ուղղված ընթացիկ ծախսերի ավելացումը: Իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ նպատակին՝ ճգնաժամի մեղմմանը զուգահեռ, եւ միջնաժամկետ հատվածում ակնկալվում է պետական պարտքի նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնի համաձայն, միաժամանակ պահպանելով ներդրումների եւ սոցիալական ծախսերի հնարավորությունը:

Հայաստանի Կենտրոնական բանկը արձագանքել է ճգնաժամին՝ հավասարակշռելով գների եւ ֆինանսական կայունության իր իրավասությունները: Տնտեսությանն աջակցելու համար կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ շուկայական մեծածավալ իրացվելիություն ապահովել: Այն նաեւ միջամտել է՝ փոխարժեքի չափից ավելի տատանողականությունը սահմանափակելու համար:

Իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն եւ ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը եւ փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության եւ կրթության ոլորտների հզորացումը:

«Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու եւ տուժած տնային տնտեսություններին եւ տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն:»...

News.am

 

Պիտակ