ԵԱՀԿ ԽՎ-ում բանավեճ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակի միջև
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն այս անգամ անցել է առցանց: Ձևաչափը նոր էր, ադրբեջանական պատվիրակների մեղադրանքները՝ հին:
Ազայ Գյուլիևը խոսել է Արցախի ընտրությունների անցկացումից, երդմնակալությանը Հայաստանի վարչապետի ներկայությունից, մեղադրել հայերին խաղաղությունը խաթարելու համար: Հայկական արձագանքը հիշեցում է. դրանք ժողովրդավարական ընտրություններ էին, այն անհասկանալի է 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար:
«Կցանկանայի հիշեցնել,որ 1994-ի հրադադարի համաձայնագիրը դեռ գործում է և չունի ժամանակային սահմանափակում, և Հայաստանն ու Արցախը հավատարիմ են դրան: Մենք հետևողականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և աշխատում ենք խաղաղության միջավայրի ձևավորման վրա, բայց, ցավոք, մեկ կողմի՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու տարածքային պահանջները անհնար են դարձնում հակամարտության կարգավորումը: Ցավոք, ոչ համանախագահների, ոչ միջազգային հանրության հայտարարությունները չեն զսպում Ադրբեջանին: Հետևաբար, մենք կարևորում ենք մշտադիտարկման իրականացումը. այն չպետք է դադարեցվի, հատկապես համավարակի օրերին»,- ասել է ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Մեր պատվիրակը հիշեցրել է. պարոն Գյուլիևը բազմիցս հերքել է անգամ Արցախի ժողովրդի գոյության փաստը: Հարց ուղղել, եթե իսկապես խաղաղ կարգավորում եք ուզում. պատրա՞ստ եք նույն հայտարարությունն անել, ինչ վարչապետ Փաշինյանն է արել. այն է ՝ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Իսկ ադրբեջանցի պատվիրակին նաև զարմացրել է. ինչո՞ւ է հայ գործընկերն անընդհատ խոսում Ադրբեջանում մարդու իրավունքներից. ըստ Գյուլիևի՝ մեր երկրում էլ քաղբանտարկյալներ կան:
«Երբ պարոն Գյուլիևը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին և ասում, որ ինքը չի հասկանում, թե դա ինչ է նշանակում, կարծում եմ պատճառն ընդհանրապես մարդու իրավունքներ երևույթը չհասկանալու մեջ է: Ադրբեջանում մարդու իրավունքների բացակայությունն արտացոլվում է նույնիսկ պարոն Գյուլիևի խոսքերում: Երբ խոսում եք ժողովրդավարությունից, կցանկանայի ասել, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, և եթե մեկը, լինի գործարար թե պաշտոնյա, որևէ հանցանք է գործում, պետք է պատասխան տա դրա համար: Դա մի բան է, որ անհասկանալի է ձեզ համար, պարոն Գյուլիև: Հիմա եկեք նայենք Ադրբեջանին: Գործող նախագահը նախագահ է 2003-ից՝ 17 տարի: Նա նախագահությունը հորից է ժառանգել: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժառանագականությունն է, սա էպոտիզմ է, ընտանեկան բռնապետություն, սակայն ոչ երբևէ ժողովրդավարություն: Դրա համար հայաստանյան ժողովրդավարությունը չեք հասկանում, խնդիրը ոչ թե մերն է, այլ ձերը, պարոն Գյուլիև»,- ասել է Կոնջորյանը:
Նա ամփոփել է. Արցախի ժողովրդի իրավունքներն Ադրբեջանում չեն հարգում, որովհետև նրանց համար հարցը մարդիկ չեն,տարածքներն են. որովհետև ինչպես Ալիևն է ասում՝ հայերն Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են:
1lurer.am