Համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների պատրաստակամությունը
(last modified Thu, 16 Jul 2020 04:28:10 GMT )
Հուլիս 16, 2020 08:58 Asia/Tehran
  • Համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների պատրաստակամությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնության), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համանախագահների հայտարարության մեջ ասված է. «Համաձայն առկա տեղեկատվության, Ադրբեջանի և Հայաստանի  սահմանին իրավիճակը հուլիսի 15-ի վաղ առավոտից մնում է համեմատաբար հանգիստ:

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը  ողջունում են ռազմական գործողությունների նվազումը և կոչ են անում կողմերին ՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակելու դեէսկալացիան:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:

Համանախագահները շարունակում են շեշտը դնել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության վրա:

Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաստատումը`անցկացնելու բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարևորագույն ասպեկտների ուղղությամբ որքան հնարավոր է շուտ և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա»։

Armenpress.am

 

Պիտակ