Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին
(last modified Thu, 30 Jul 2020 04:10:44 GMT )
Հուլիս 30, 2020 08:40 Asia/Tehran
  • Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին

Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորումն է նաև հուլիսի 29-ից սկսված՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ  երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը: 

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ