Երևանը համանախագահներին կհիշեցնի կոչը Մադրիդյան սկզբունքների մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցողների կազմը փոխելու փորձերը անընդունելի են, և համանախագահները հստակ արտահայտվել են այդ մասին, երեկ Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ի՞նչ նկատի ունի Լավրովը՝ բանակցային կողմերի շարքում ԼՂ-ը (Արցախ) որպես լիարժեք կողմ ավելացնելու Երևանի հայտարարությունն ու ջա՞նքը, թե՞ միջնորդական ձևաչափը փոխելու թուրք-ադրբեջանական ավելի ու ավելի նկատվող ջանքը: Լավրովի հայտարարությունն այդ իմաստով, կարծես թե, բավականին երկիմաստ է: Միաժամանակ նա հայտարարել է, որ անցնող տարիների ընթացքում ներկայիս ձևաչափով արվել է մեծ ծավալի աշխատանք, և ցավալի կլիներ այդ ամենը ջնջելը: Լավրովը խոսել է փաստաթղթերի մասին, որոնց տակ առկա են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրություններ: Այս հայտարարությունները հատկանշական են հնչում Հայաստանում Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայի առնչությամբ ծագած բանավեճից, որի ընթացքում ԼՂ-ի (Արցախ) ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին ի պատասխան ասել է, թե կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Սարգսյանը քննարկել է և պատրաստ է եղել տարածքներ զիջել՝ առանց ԼՂ-ի (Արցախ) կարգավիճակը հստակեցնելու:
Արդյո՞ք Լավրովի մոսկովյան հայտարարություններն այդ մասին են, և արդյո՞ք այդ հայտարարություններում նշվող փաստաթղթերը, որոնց առումով նա մատնացույց է անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրության հանգամանքը, փորձ է արվում պարտադրել Հայաստանի նոր իշխանությանը: Եվ արդյո՞ք այստեղ է նաև պատճառը, որ Սերժ Սարգսյանը սկսել է թեմատիկ ասուլիսների շարք՝ Ապրիլյան պատերազմով, և ազդարարել է շարքը արցախյան գործընթացի թեմայով շարունակելու մտադրության մասին: Դրանով հանդերձ, Լավրովը հիշատակել է Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք սկզբունքները, որոնց շրջանակում է դիտարկել կատարված և կատարվող աշխատանքը: Բայց ամբողջ հարցն այն է, որ այդ սկզբունքները կամ դրանց հիման վրա մշակված, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները բավականին տարածական մեկնաբանման ենթակա սկզբունքներ են, ըստ այդմ՝ որոշակի քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում դրանք կարող են ներկայացվել այսպես ասած՝ ըստ նպատակահարմարության: Հենց այդ հանգամանքը շեշտելով էլ՝ 2019-ի մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և ԼՂ-ի (Արցախ) ԱԽ համատեղ պատմական նիստում Նիկոլ Փաշինյանը դիմեց համանախագահներին այդ սկզբունքները հստակ մեկնաբանելու համար, որպեսզի դրանք հակամարտող կողմերում չենթարկվեն յուրովի մեկնաբանության: Արդյո՞ք Երևանը վերստին կհիշեցնի համանախագահներին իր կոչը:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio