Մնացականյան. Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները Մոսկվայում պատասխանել են ղարաբաղյան բանակցային խաղաղ գործընթացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում Թուրքիայի ներգրավմման հավանականության մասին հարցին։
Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ արցախյան բանակցային խաղաղ գործընթացի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում Թուրքիայի ներգրավումն անընդնելի է։
«Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվ դերին, այդ դերն այժմ արտահայտվում է մեր տարածաշրջանում ահաբեկիչների առկայությամբ, Ադրբեջանին ակտիվ ռազմական աջակցությամբ։ Հետևաբար, թերևս հասկանում եք, որ նման ակտիվությունը որևէ կերպ չի կարող ընդունվել»,– ասաց Մնացականյանը` պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ–ում Թուրքիայի հնարավոր ներգրավման մասին հարցին։
Անդրադառնալով նույն հարցին` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ օրեր առաջ հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, որի ընթացքում հույս է հայտնել, որ Թուրքիան կողջունի իրենց ջանքերը, և որ Չավուշօղլուն հաստատել է Թուրքիայի աջակցությունը մոսկովյան պայմանավորվածությանը։
Այդուհանդերձ, Լավրովը շեշտեց, որ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ–ի ֆորմատն անփոփոխելի է։
«Մենք վերահաստատում ենք ոչ միայն բանակցային ֆորմատի անփոփոխելիությունը, այլև խաղաղ քաղաքական բանակցային գործընթացին մեր հավատարմությունը, որի սկզբունքները մշակվել են հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ»,– ասաց Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս ողջունել է հումանիտար հրադադարի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունը և հույս հայտնեց, որ մոսկովյան փաստաթուղթը կարճ ժամանակում կհաջողվի կյանքի կոչել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվա է մեկնում, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։
Լավրովի հետ փակ հանդիպումից առաջ ԱԳ նախարարները հանդես եկան հրապարակային հայտարարություններով։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Չնայած դրան, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio