Սեպտեմբեր 14, 2021 06:51 Asia/Tehran
  • Օժանդակություն Հայաստանին․ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցերի, խոսել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից:

Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ:

Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին:

ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ:

armeniasputnik.am

 

 

 

 

Պիտակ