Երասխ-Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարության համար 226 մլն դոլար կծախսվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i159956-Երասխ_Հորադիզ_երկաթգծի_հայաստանյան_հատվածի_շինարարության_համար_226_մլն_դոլար_կծախսվի
Երևան–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբաթ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման արժեքը կկազմի շուրջ 226 մլն դոլար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 14:23 Asia/Tehran
  • Երասխ-Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարության համար 226 մլն դոլար կծախսվի

Երևան–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբաթ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման արժեքը կկազմի շուրջ 226 մլն դոլար։

Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Մեղրիի տեղամասի համար, նախնական հաշվարկներով, կծախսվի 221 մլն ԱՄՆ դոլար, իսկ Երասխի համար` 5 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվարկներն իրականացվել են` հաշվի առնելով նախկին ենթակառուցվածքները (կայարաններ և այլն)»,– նշված է գերատեսչության պատասխանում։

Երկաթգծի հայաստանյան հատվածի Մեղրիի տեղամասը կկազմի մոտ 45, իսկ Երասխինը` 1 կմ։

Միաժամանակ նախարարությունից հայտնում են, որ հավելյալ ենթակառուցվածքների ստեղծման ու նախագծի ճշգրիտ արժեքին հնարավոր կլինի անդրադառնալ կառուցվելիք երկաթգծի համար տեխնիկատնտեսական հիմնավորման անցկացման դեպքում։

Դեկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Հայաստանի տարածքում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հսկողություն իրականացնելու հարց չի քննարկվում։ Նա նշել էր, որ երկաթուղու երկարությունը կկազմի մոտ 340 կմ, որից 45-ը կանցնի Հայաստանի Հանրապետության տարածքով։

Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սոչիում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ) ու Բրյուսելում (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ) Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ երկաթգիծը (որը գոյություն է ունեցել դեռ խորհրդային տարիներին) կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել հայկական ճանապարհահատվածներում շինարարություն սկսելու համար։

armeniasputnik.am