Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i166624-Միրզոյանը_Բորելին_ներկայացրել_է_Ադրբեջանի_կողմից_հրադադարի_խախտումների_հետևանքով_ստեղծված_իրավիճակը
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2022 16:40 Asia/Tehran
  • Միրզոյանը Բորելին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման առթիվ:

Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար իրավիճակին։ Այս առումով, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության կարևորությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։

Երկուստեք կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի:

armenpress.am