Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են
Ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները գազամատակարարման վերականգնման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:
armenpress.am