Արցախում փոխհրաձգություն է տեղի ունեցել. Ադրբեջանն ունի առնվազն 5 զոհ
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և Ադրբեջանի բանակն չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
«Ծավալված փոխհրաձգության արդյունքում Ադրբեջանի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ճշտված տեղեկություններով մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՀՀ պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող:
armenpress.am