Օգոստոս 25, 2022 18:58 Asia/Tehran
  • ԵԱՏՄ երկրները համակարգված արձագանքում են մարտահրավերներին. Միշուստին

Միջազգային հարաբերություններում բարդ ժամանակներ են, բայց ԵԱՏՄ պետությունները համակարգված արձագանքում են մարտահրավերներին` թույլ չտալով, որ իրենց տնտեսությունները փլուզվեն։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Միջազգային հարաբերությունների և արտաքին տնտեսական համագործակցության կառուցվածքը բավական բարդ փոփոխություններ է ապրում, ինչը պայմանավորված է նաև Արևմուտքի հավաքական գործողություններով»,- ասել է Միշուստինը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ապացուցում է իր արդյունավետությունն ու կայունությունը դժվար իրավիճակում։

ՌԴ վարչապետի խոսքով` այս տարվա առաջին եռամսյակում ԵԱՏՄ ՀՆԱ-ի ծավալը գերազանցել է 470 մլրդ դոլարը։

«Պատժամիջոցների պայմաններում մեր երկրների համար լրացուցիչ հնարավորություններ են բացվում, և ես կարծում եմ, որ այժմ շատ կարևոր է դրանցից գրագետ օգտվելը»,- ասել է նա։

Միշուստինը պարզաբանել է, որ խոսում է արդյունաբերական համագործակցությունն ուժեղացնելու, նոր, այդ թվում` բարձր տեխնոլոգիական նախագծեր գործարկելու մասին։ Դա թույլ կտա, որ ԵԱՏՄ-ն կախված չլինի ներմուծումից։

Ռուսաստանի վարչապետի խոսքով` անհրաժեշտ է բացառել միության շրջանակում համագործակցելու արհեստական խոչընդոտները և թույլ չտալ, որ նոր արգելքներ ի հայտ գան։

«Համոզված եմ, որ մենք թույլ չենք տա չարակամներին սեպ խրել մեր երկրների և ժողովուրդների միջև»,- հավելել է նա։

Միշուստինը հանդիպման մասնակիցներին է փոխանցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։

Նշենք, որ օգոստոսի 25-ին Չոլպոն-Աթա քաղաքում (Ղրղզստան) մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոստոսի 26-ին նիստը կշարունակվի ընդլայնված կազմով։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

armeniasputnik.am

 

Պիտակ