Չեխ գործարարները կայցելեն Հայաստան. hետաքրքրող ոլորտներն են ավիացիան, տեքստիլը, վերականգնվող էներգետիկան
(last modified Wed, 24 May 2023 08:01:50 GMT )
Մայիս 24, 2023 11:31 Asia/Tehran
  • Չեխ գործարարները կայցելեն Հայաստան. hետաքրքրող ոլորտներն են ավիացիան, տեքստիլը, վերականգնվող էներգետիկան

Հայաստան-Չեխիա հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, առկա է համագործակցության մեծ ներուժ:

Ամփոփելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, որը պատվիրակության կազմում էր, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այն  լրացուցիչ խթան է Հայաստանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու, նոր գործընկերներ գտնելու առումով:

ՀՀ վարչապետի` Չեխիա կատարած այցի շրջանակում անցկացվել է միջկառավարական տնտեսական համաժողով և գործարար համաժողով: Հայաստանից Չեխիա մեկնել էր 25 գործարար ամենատարբեր ոլորտներից:

«Չեխ տնտեսվարողներին մանրամասն ներկայացրել ենք Հայաստանի ներդրումային հնարավորությունները, արդիականացված ծրագրերը, իսկ հայ գործարարները կարողացել են նոր գործընկերներ գտնել: Մեր հարաբերությունները Չեխիայի հետ ակտիվ զարգանում են: Նախորդ տարի աճել է առևտրաշրջանառության ծավալը: Այս տարի այդ միտումը ևս պահպանվել է: Այս միջոցառումները լավ հիմք են, որ մեր տնտեսվարողները կարողանան շփվել չեխ գործարարների հետ, գտնել համագործակցության նոր ուղիներ»,-ասաց Նարեկ Տերյանը:

Որպես արդյունք Նարեկ Տերյանը նշեց, որ Հայաստանի և Չեխիայի գործարարները փոխգործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր ոլորտներում: Ճիշտ է, Չեխիայում երկու երկրների վարչապետների ասուլիսի ժամանակ խոսվեց փոքր ավիացիայի ոլորտում փոխադարձ հետաքրքրության մասին, սակայն տեքստիլի և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ևս համագործակցության հնարավորություններ են նախանշվում: Մոտակա ժամանակահատվածում սպասվում է չեխ գործարարների այցը Հայաստան, որպեսզի տեղում ծանոթանան փոխգործակցության, ինչու ոչ, համատեղ արտադրության հնարավորություններին:

«Չեխիայի գործարարները կայցելեն Հայաստան: Ինչպես արդեն ասվել էր, չեխական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում փոքր ինքնաթիռների արտադրությամբ: Արտադրությունը պլանավորվում է իրականացնել Լոռու մարզում: Խոսքը փոքր ինքնաթիռների մասին է՝ նախատեսված մինչև 6 հոգու համար: Կարծում եմ, որ Չեխիայի ու Հայաստանի գործընկերները դեռ ճանապարհ ունեն անցնելու մինչև հիմնեն ինքնաթիռների արտադրությունը, բայց այստեղ կարևորն այն, որ  առաջին քայլերն արդեն արված են»,-ասաց Նարեկ Տերյանը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ չեխ գործարարները հետաքրքրված են նաև արևային պանելների արտադրությամբ: Նարեկ Տերյանն ընդգծեց, որ օտարերկրյա ներդրումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման համար: Կառավարությունը տարբեր միջոցառումներով ու ծրագրերով նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 4-ին երկօրյա այցով Չեխիայում էր: Հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի, Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: Անցկացվել է միջկառավարական տնտեսական հանձնաժովի նիստ, ինչպես նաև գործարար համաժողով:

armenpress.am