Հունիս 01, 2023 11:10 Asia/Tehran
  • ՀՀ էկոնոմիկայի նախարար. Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրի գործարկմամբ  Երևանը կօգտվի արտոնություններից

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրի գործարկմամբ Երևանը կստանա մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենային ապրանքների արտահանման արտոնություն:

Նա նշել է. «Իրան ապրանք արտահանելը շատ դժվար է, բայց հիմնական պատճառը մաքսատուրքերը չեն, այլ այն, որ երկիրը փորձում է ինքնաբավ լինել տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում, և դա չափազանց բարդացնում է մրցակցությունը»։

Իրանը Հայաստան ապրանքների ամենամեծ արտահանողներից է և Երևանում ունի առևտրի կենտրոն։ Երկու երկրները նախատեսում են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել երեք միլիարդ դոլարի։

Քերոբյանն ասել է. « Իրանի հետ համագործակցության հիմնական ուղին այն ապրանքների համատեղ արտադրությունն է, որոնք կարող են վաճառվել ամբողջ աշխարհում»։

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս կարևորել են Իրանի հետ հարաբերությունները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի պարբերականներից մեկին տված հարցազրույցում խոսել է Իրանի հետ լավ հարաբերությունների մասին և նշել. «Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելը։ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ»։

Իսկ վերջերս ՀՀ ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել էր Իրանի և Հայաստանի դրոշները և գրել. «Իրանը հազար տարվա մեր հարևանն է, Իրանը Հայաստանի բարեկամն է։ Այս բարեկամությունը շարունակվելու է»։

Իրանն ու Հայաստանը մոտ են ոչ միայն առևտրատնտեսական, այլև անվտանգության ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական առումով։ Երկու երկրները ողջունում են  հարաբերությունների ընդլայնումը։ Իրանի և Հայաստանի ընդհանուր դիրքորոշումներից է Ադրբեջանի էքսպանսիոնիզմին դիմակայելու հարցը, որը Թեհրանի ու Բաքվի միջև լարվածություն է առաջացերել:

 

Պիտակ