Ապրիլ 16, 2024 17:09 Asia/Tehran
  • Հայաստանում Իրանի դեսպան. Մենք կտրականապես դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության

Հայաստանում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսում ասաց. «Մենք կտրականապես դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության»։

Մեհդի Սոբհանին ընդգծել է. «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Մեր կարմիր գծերը չեն փոխվել, և եթե սահմաններին կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխըմբռնման և երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման միջոցով։ Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ ճանապարհին»:

Թեհրանը կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Երբեք պատերազմը խնդիրները չի լուծել։ Անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով »,- ասել է դեսպանը։
 Իսրայելը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրներից մեկն է, իսկ Լեռնային Ղարաբաղում հայ զինվորներին սպանել են իսրայելական զենքով։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ սիոնիստական ռեժիմը նպաստում է Հարավային Կովկասի ռազմականացմանը և Իրանի հետ տարածաշրջանի առանձին երկրների հարաբերություններում լարվածության աճին: Դիվանագետն ակնկալում է տարածաշրջանի ժողովուրդների իմաստնությունը, նրանց աջակցությունն Իսրայելի սադրանքներին չտրվելու հարցում։

Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ոլորտում համագործակցությանը, դա մեր և Հայաստանի միջև համագործակցության կարևորագույն հատվածներից է։ Հայաստանն Իրանի համար դեպի հյուսիս և Սև ծով շնչուղի է։ Իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ՝ դեպի Պարսից և Օմանի ծոցեր։ Մոտ ժամանակներս լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների և տարանցման ոլորտում։

Հայաստանը շահագրգռված է «Չաբահար» նավահանգստում ներկայացուցչություն բացելու հարցում։ Դա կնպաստի Հնդկաստանի, Իրանի և հարավային երկրների հետ առևտրի զարգացմանը։  Այս մասին ասուլիսի ժամանակ այսօր ասել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այժմ նախապատրաստվում է իրանական նավահանգիստների աշխատանքը վերահսկող կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան։ Մշակվում է նաև որոշ հայ պաշտոնյաների այցը «Չաբահար»»,– ասել է Սոբհանին։