Հոկտեմբեր 04, 2024 12:30 Asia/Tehran
  • Եթե ուզենային հակասությունները հարթել, կարող էին Վեհափառի մոտ խոնարհվել,  մի երկու ակնարկ անել. Միքայել Սրբազան

Իհարկե, իշխանություններին էր ուղղված Վեհափառի խոսքը, հո ինձ չէ՞ր ուղղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով նրան, որ Մայր տաճարի վերաօծման օրը Վեհափառ հայրապետը հայտարարեց, որ ով մարտնչում է Մայր Աթոռի եւ Եկեղեցու դեմ, նա մարտնչում է հայոց ինքնության եւ գոյության դեմ:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ մի ձեռքով հրավիրել էիք իշխանություններին, մյուս ձեռքով ինչ-որ բան էիք հասկացնում, նա ասաց. «Հա էլ հրավիրելու ենք, հա էլ հասկացնելու ենք: մենք պատշաճությունները հարգող կառույց ենք: Մենք իրենց նման 6 տարվա իշխանություն չենք, ոչ էլ 30 տարվա: Մենք շատ լավ գիտենք պատշաճությունները պահպանել օրվա իշխանությունների հետ՝ անկախ այն բանից այդ իշխանությունները չարիքի իշխանություններ են, թե բարիքի»:

Միքայել Սրբազանը նշեց, որ հակասությունները իշխանությունների հետ պահպանվում են, եւ իշխանությունը ցանկություն էլ չունեցավ դրանք հարթելու. «Եթե ուզենային, իրենց տրված էր այդ հնարավորությունը, կարող էին մոտենալ, Վեհափառի մոտ խոնարհվել, աջը համբուրել, մի երկու ակնարկ անել, մի երկու ներողություն խնդրել»:

Անդրադառնալով պնդումներին, որ Վեհափառն անձամբ է աջակցում եւ հովանավորում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, նա ասաց. «Հազար անգամ ասացինք, որ դա այդպես չի, եւ իրենք էլ դա շատ լավ գիտեն: Հատուկ ծառայություններն իրենց ինֆորմացիան տալիս են: Բայց իրենց պետք է, որ Վեհափառը հովանավորի, որ ինքը նահատակի կերպարանքով հանդես գա, թե տեսեք, հասեք, վեհափառն իր եկեղեցական ողջ կառույցով ելել է իմ դեմ: Հասեք, դեմոկրատիան փրկեք, ես դեմոկրատիայի բաստիոն եմ»:

Հարցին՝ եթե իշխանությունը այդ առումով Եկեղեցին ընդդիմադիր շարժմանը չի աջակցում եւ եթե իշխանություն այդ առումով վտանգ չի տեսնում, ինչո՞ւ է Եկեղեցու դեմ դուրս եկեք, սրբազանը պատասխանեց. «Տեսնում է, դրա համար էլ դուրս է եկել; Այս իշխանությունների համար իրենց գաղափարներին հասնելու ճանապարհին գոյություն ուներ երեք խոչընդոտ՝ Արցախը, որն այլեւս չկա, Սփյուռքը, որ գրեթե չկա, եւ Եկեղեցին: Իրենք աշխատում են հայկական ինքնության դեմ: Եկեղեցին հայկական ինքնության ամրոցն է»:

 

Պիտակ