Հայաստանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու հարցով․ ԱԺ նախագահ
(last modified Tue, 22 Oct 2024 08:41:35 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 12:11 Asia/Tehran
  • Հայաստանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու հարցով․ ԱԺ նախագահ

Հայաստանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP29-ին մասնակցելու հարցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Նման որոշում չկա։ Պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի՞ համար ենք մեկնում, ի՞նչ է դա տալու Հայաստանին, ի՞նչ շահեր ունենք և ի՞նչ մակարդակով ենք մասնակցում։ Համենայն դեպս, COP29-ի մասնակցության հրավերն Ադրբեջանի մենաշնորհը չէ, դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է։ Կրկնում եմ՝ որոշում չկա, կքննարկենք, կհասկանանք»,- ասաց Սիմոնյանը։ 

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, անցկացվելու է Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանին COP29-ին մասնակցելու հրավեր է ուղարկվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս հայտարարել էր, որ Բաքվում կայանալիք համաժողովին մասնակցության հարցով Հայաստանը որոշում դեռ չունի։