Որ դեպքում ուժի մեջ կմտնի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը. պարզաբանում է Ալեն Սիմոնյանը
(last modified Tue, 22 Oct 2024 12:08:37 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 15:38 Asia/Tehran
  • Որ դեպքում ուժի մեջ կմտնի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը. պարզաբանում է Ալեն Սիմոնյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձավ այն հարցին, թե արդյոք Ադրբեջանում գործընթացներ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հետ կապված։

Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշեց, որ Հայաստանում և Ադրբեջանում տարբեր իրավական համակարգեր են։ «Մենք խորհրդարանական երկիր ենք, Ադրբեջանը նախագահական երկիր է։

Եվ, վերջիվերջո, այս կանոնակարգը, որը ընդունվում է, ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ երկու կողմերը փոխանակվում են արձանագրություններով, որ գործընթացն ավարտված է։ Այսինքն՝ եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում։

Դա պայման է։ Եվ, վերջիվերջո, մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք։ Մեր կողմից կանոնակարգի վավերացումը իրավական առումով որևիցե ռիսկ չի պարունակում, քանի որ դա իրավական ուժ չի ստանում, մինչև արձանագրություններով չփոխանակվենք, որ գործընթացն ավարտված է»,-ասաց Սիմոնյանը։

Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկումից առաջ հայտարարեցին, որ չեմ մասնակցելու կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկմանն ու քվեարկությանը։

Ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ Ադրբեջանը կարող է ընդհանրապես հրաժարվել կանոնակարգը վավերացնելուց, ուստի, խնդրահարույց համարեցին, որ Հայաստանը պատրաստվում է վավերացնել այն։