Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան
Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։
Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։
«Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, բայց չի հասել այն մակարդակին, որ մարդիկ տրամադրվեն հապճեպ երկիրը լքելու։ Բեյրութը լքելու, Հայաստան գալու մտադրություններ համայնքում դեռ չկան։ Մարդիկ ապրում են իրենց ռեժիմով, որն ի սկզբանե լավը չի եղել՝ անկայուն էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, տնտեսական խորագույն ճգնաժամ, բայց նաև այն հույսով, որ լավ կլինի»,-ասաց Սինյանյանը։
Նա նշեց, որ չկա հստակ տեղեկություն, թե Հայաստան ժամանած, այնուհետև այստեղից դուրս եկած քաղաքացիները վերադարձել են Լիբանա՞ն, թե՞ մեկնել այլ երկրներ, քանի որ չեն կարող անհատապես հետևել մարդկանց տեղաշարժին։
«Հստակ է, որ Հայաստան ժամանածների թիվը 2 անգամ շատ է, քան մեկնողներինը։ Մենք կապ ենք պահում Լիբանանի հայ համայնքի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, որպեսզի հնարավորինս իրատեսական պատկեր ունենանք, թե տեղում ինչ է կատարվում»,-ասաց նա։
Սինանյանի խոսքով՝ Հայաստան ժամանած լիբանանահայերի մի մեծ մասն ունի ՀՀ քաղաքացիություն, մի մասն էլ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Ինչ վերաբերում է հրետակոծությունների հետևանքով մահացած, տուժած քաղաքացիներին, ապա այդ թվում հայեր չկան, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են հայաբնակ թաղամասերից հեռու։
Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել լիբանանահայերին, եթե դրա կարիքը լինի, Զարեհ Սինանյանը հստակ չպատասխանեց, նշելով, որ իր կարծիքը շատ սուբյեկտիվ կլինի։ Միաժամանակ պաշտոնյան նշեց, որ Հայաստանն այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ ունի լիբանանահայերին ընդունելու, քան կարող էր ընդունել 2011-12 թվականին՝ սիրիահայերին։