Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ։
Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար. այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն COP29-ում «Կայուն, թվային Միջին միջանցք և ոչ միայն» թեմայով նախարարական կլոր սեղանին:
Նրա խոսքով՝ Թուրքիան գտնվում է տրանսպորտային միջանցքների կենտրոնում և առանցքային դեր է խաղում միջմայրցամաքային միջանցքների արդյունավետ օգտագործման գործում։
«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Թե որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջեւանով կանցնի Թուրքիա։
Թուրքիայում մենք ավարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է նախարարը։
tert.am