Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականների խնդիրները հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության․ ՄԻՊ
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։
Բացման խոսքով են հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրին։
Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ թեև մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, այնուամենայնիվ, հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության:
«Փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բոլոր խնդիրները գտնվում եմ իմ անմիջական ուշադրության ներքո: Առանձին խումբ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը և խթանումը ևս ինձ համար ունի առաջնահերթ նշանակություն: Շատ կարևոր է, որպեսզի պետությունը փախստականների իրավունքների ապահովումն իրականացնի պատշաճ մակադակով, մասնավորապես, փախստականների առողջության պահպանման, կրթության իրավունքի ապահովման, աշխատանքի հնարավորութան և անվտանգության hամատեքստում»,-ասել է Անահիտ Մանասյանը:
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից, փախստականների հետ աշխատող «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև փախստականներ, բռնի տեղահանված անձինք:
Աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է պանելային քննարկում՝ «Փախստականների իրավունքների ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Մասնակիցներն անդրադարձել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնական մարտահրավերներին և դրանց հաղթահարման լավագույն փորձին, վերջիններիս իրավունքների ոլորտում ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին, մեր երկրում նրանց իրավունքների պաշտպանության ներկա վիճակին, օրենսդրական բացերին:
Հատկանշական է, որ իրենց խնդիրների մասին խոսել են փախստականներն ու բռնի տեղահանված անձինք, որոնք հրավիրված էին աշխատաժողովին:
Հարկ ենք համարում ընդգծել, որ փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ: Վերջիններիս իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանն առնչվող օրենսդրության ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրները, ունենալով համակարգային բնույթ, շարունակում են մնալ արդիական և գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Բացի այդ, աշխատաժողովի մասնակիցների կողմից ներկայացվել են ներկայումս գործող բնակարանային ապահովման և սոցիալական պաշտպանության մեխանիզմները, աշխատաշուկային հասանելիությունը, ինչպես նաև փախստականների ներգրավվածության խթանման կարևորությունը և ինտեգրման փորձի փոխանակումը։
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել այն կազմակերպություններին, պետական իրավասու մարմիններին և անհատներին, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա գործընկերներին, ովքեր հանձնառու են լուծելու փախստականների և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները:
Պաշտպանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հնարավոր է բարելավել միայն համատեղ աշխատանքի արդյունքում՝ հատուկ ընդգծելով, որ տեղահանված անձանց կամ փախստականների պատշաճ ինտեգրումը հնարավոր է բացառապես համագործակցային միջավայրում:
news.am