Հունաստանը կարող է Հայաստանին վաճառել ռուսական ՀՕՊ համակարգեր. Enikos
(last modified Tue, 26 Nov 2024 13:03:07 GMT )
Նոյեմբեր 26, 2024 16:33 Asia/Tehran
  • Հունաստանը կարող է Հայաստանին վաճառել ռուսական ՀՕՊ համակարգեր. Enikos

Հունաստանը պատրաստվում է Հայաստանին վաճառել С-300 եւ ռուսական արտադրության այլ սպառազինությունների համակարգեր, որոնք օգտագործվել են երկրի ՀՕՊ-ի համար, եւ դրանք փոխարինել իսրայելական արտադրության համակարգերով։ Այս մասին տեղեկացրել է Enikos հունական պորտալը։

Նրա տվյալներով՝ Հունաստանի ԶՈւ ղեկավարությունը լի է վճռականությամբ՝ դուրս բերել ռուսական սպառազինությունների համակարգերը Հունաստանի զինանոցից եւ արմատական ձեւով փոխել հին համակարգերը արեւմտյան նոր տեխնոլոգիաներով։ «Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը գտնվում է Հայաստանին ռուսական արտադրության սպառազինությունների համակարգերը վաճառելու առաջանցիկ փուլում»։

Պորտալը նշել է, որ «ավելի վաղ ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են հանձնվել Ուկրաինային, բայց Գլխավոր շտաբը դիտարկում է այլ, ոչ պակաս շահեկան այլընտրանքներ»։ Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես իր ավանդն է ներդնում այդ երկրի սպառազինության մեջ, ավելացրել է պարբերականը։ Աթենքի համար Երեւանի ուժեղացումը Կիեւի փոխարեն ռազմավարական ընտրություն է շատ պատճառներով, շարունակել է պորտալը։ Առաջին հերթին շատ սերտ դաշնակցային կապերի, նորագույն պատմությունում ընդհանուր ջանքերի, ինչպես նաեւ ընդհանուր հոգեւոր համոզմունքների պատճառով։ Բացի այդ, ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի անհաշտ Թուրքիային, որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանին, կարծում է պորտալը։

Նրա տեղեկություններով՝ իսրայելական արտադրության զենիթային համակարգերի արտադրությունը, որոնք պետք է փոխարինեն ռուսական համակարգերին Հունաստանում, վերաբերում են David’s Sling-երին բալիստիկ հրթիռներով, մինչեւ 300 կիլոմետր հեռահարությամբ, Barak MX-երին՝ 35-150 կիլոմետր հեռահարությամբ, եւ Spyder-ներին՝ 20-50 կիլոմետր հեռահարությամբ։ Սպառազինությունների համակարգերը, որոնք պատրաստվում են հանձնել Հայաստանին, հիմնականում զենիթային են եւ նախատեսված են ցամաքային զորքերի եւ ՌՕՈւ-ի համար։ Դրանք С-300 համակարգեր են, ինչպես նաեւ ցամաքային զորքերի ТОР-М1 եւ Оса-АКМ զենիթային համակարգեր, նշել է պորտալը։

news.am