Խաղաղությունն է ճանապարհը․ ԱԳ նախարար Միրզոյանը Հնդկաստանում խոսել է գերիների մասին
Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հնդկաստանում Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ, ցավոք, դժվար է ասել, թե հայկական կողմի կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։
Ադրբեջանը բարձր մակարդակով շարունակում է հրապարակային հայտարարություններ հնչեցնել, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով։
Միրզոյանը նաև խոսել է գերիների մասին։ Շեշտել է, որ կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։
Խաղաղության համատեքստում Միրզոյանը մեջբերել է Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձը․ «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»: Նա նաև խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ելույթի մեծ մասը վերաբերել է հայ-հնդկական դարավոր հարաբերություններին, դրանց ներկա վիճակին, զարգացման ու խորացման հեռանկարներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հնդկաստանի հետ գործընկերության համապարփակ խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, և այս հարաբերություններին մեր երկիրը նայում է երկարաժամկետ տեսանկյունից:
«Համատեղ ջանքերի և վճռական հանձնառության շնորհիվ մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և մշակույթ»,- ասել է նախարարը։
Նա շեշտել է անվտանգության և պաշտպանության ոլորտում շարունակաբար ընդլայնվող համագործակցության մասին, անդրադարձել տնտեսական ակտիվությանը։ Միրզոյանն ընգծել է, որ Հայաստանը և Հնդկաստանը կարող են հաստատել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում։ Ըստ նրա՝ բարձր տեխնոլոգիաները, ՏՏ-ն, կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը, ավիացիան, լոգիստիկան և դեղագործությունը համագործակցության հատկապես խոստումնալից ուղղություններ են։ Այս համատեքստում կարևորել է երկու երկրների միջև ուղիղ ավիակապի հաստատումը, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Միրզոյանը նաև շեշտել է, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի հետ միջազգային հարթակներում, քանի որ մեր երկրները համանման մոտեցումներ ունեն բազմաթիվ տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ։
arm.sputniknews