Թուրք պատմաբանը պատրաստում է «Ցեղասպանության համառոտ պատմություն» գրքի անգլերեն տարբերակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i231802-Թուրք_պատմաբանը_պատրաստում_է_Ցեղասպանության_համառոտ_պատմություն_գրքի_անգլերեն_տարբերակը
Գրքում ավելացվել են մի քանի նոր փաստեր, այդ թվում՝ 1909 թվականին Ադանայում (Կիլիկիա) հայ բնակչության ջարդերի մասին, որոնք պատմաբանը հավաքել է օսմանյան արխիվներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2025 14:24 Asia/Tehran
  • Թուրք պատմաբանը պատրաստում է «Ցեղասպանության համառոտ պատմություն» գրքի անգլերեն տարբերակը

Գրքում ավելացվել են մի քանի նոր փաստեր, այդ թվում՝ 1909 թվականին Ադանայում (Կիլիկիա) հայ բնակչության ջարդերի մասին, որոնք պատմաբանը հավաքել է օսմանյան արխիվներում։

ԱՄՆ-ում աշխատող թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը պատրաստում է իր «Ցեղասպանության համառոտ պատմություն» գրքի անգլերեն տարբերակը:

Գիրքն ի սկզբանե լույս է տեսել թուրքերենով՝ 2021 թվականին։ Այն հաջողվել է հրատարակել Թուրքիայում, քանի որ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման համար հետապնդումները, որոնք իրականացվել են Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (թուրքական ինքնությունը վիրավորելը), հիմա նախկինի պես այնքան ինտենսիվ չեն։

Ինչպես  Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Աքչամը, 2007 թվականին Ստամբուլում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը շատ բան է փոխել։

Ինչ վերաբերում է գրքին, ապա թուրքական տարբերակում Աքչամը երկու բաժին է ներառել այն հարցերի մասին, որոնք թուրքական հասարակության մեջ առայսօր քիչ են քննարկվում: Դրանցից մեկը քրդերի դերի մասին է (որոնց շրջանում թուրքական իշխանությունները ջարդարարներ էին հավաքագրում - խմբ.), մյուսը՝ Ցեղասպանության ժխտման պատմության մասին։

ԱՄՆ-ում հրատարակման պատրաստվող անգլերեն տարբերակում ավելացվել են մի քանի նոր փաստեր, այդ թվում՝ 1909 թվականին Ադանայում (Կիլիկիա) հայ բնակչության ջարդերի մասին, որոնք պատմաբանը հավաքել է օսմանյան արխիվներում։ ԱՄՆ-ում հրատարակությունը նախատեսված է հաջորդ տարի։