Նախարարները քննարկել են Հայաստան-Հունաստան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
Ավելի ուշ Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, այցելել Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչների հետ:
arm.sputniknews