Պաղեստինի ԱԳ նախարարը Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իմաստուն որոշում է համարում
Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Վարսեն Աղաբեկյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը շատ իմաստուն որոշում է եղել, ինչը ցույց է տվել, որ Հայաստանը հետևում է միջազգային իրավունքին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վարսեն Աղաբեկյանը նշել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին՝ Վարսեն Աղաբեկյանը նշել է, որ այդ նույն խաղաղության համաձայնագիրը կարող է կրկնօրինակվել այլ հակամարտություններում։
«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ համաձայնության են եկել, որ ռազմական ուղին անհաջող է և ոչ մեկին ոչ մի տեղ չի տանի։ Կյանքեր փրկելու և երկրների ամբողջականությունը ընդհանուր առմամբ պահպանելու համար, կարծում եմ, որ նպատակը պետք է լինի խաղաղությունը։ Պատերազմը չպետք է լինի նպատակը։ Պատերազմը պետք է դադարեցվի, քանի որ պատերազմները կարող են միայն ավերածություններ և մահ բերել։ Այսպիսով, շատ բան կա սովորելու Հայաստանից ու Ադրբեջանից: Այն ձևը, որով նրանք վարվել են այս հարցում, որտեղ նրանք այսօր գտնվում են համաձայնագրի ստորագրման առումով, կարծում եմ, դա կարող է կրկնել այլուր: Բայց հիմքը պետք է լինի խաղաղություն հաստատելու անկեղծ մտադրությունը: Առանց դրա խաղաղություն չի լինի: Դա կլինի խաղաղության քողարկում, բայց ձեզ անհրաժեշտ է կայուն համաձայնագիր»,- ասաց նա:
Անդրադարձ կատարելով Հայաստանի կողմից 2024 թվականի հունիսի 21-ին Պաղեստինի Պետության ճանաչմանը՝ նախարար Աղաբեկյանը ընդգծել է, որ դա Երևանի կողմից շատ իմաստուն որոշում է եղել:
«Կարծում եմ՝ սա շատ իմաստուն որոշում էր, քանի որ Հայաստանը հետևում է միջազգային իրավունքին և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և Պաղեստին պետությունը ճանաչելու իր միակ իրավունքին։ Այս ճանաչումը խորհրդանշական չէ։ Սա շատ կարևոր ճանաչում է, քանի որ այն Իսրայել պետությանը ասում է, որ աշխարհը, նրա մեծ մասը, ճանաչում է Պաղեստին պետության գոյությունը և հիմա ժամանակն է այդ պետությունը իրականություն դարձնել»,-շեշտել է նախարարը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Պաղեստինը տեսնում Իսրայելի հետ հակամարտության լուծումը՝ նախարար Աղաբեկյանը նշել է, որ Իսրայելի հետ հակամարտության լուծումը ամրագրված է միջազգային իրավունքում:
«Միջազգային իրավունքը մեզ ճշգրիտ ասում է, թե ինչ պետք է անել, երբ մի երկիրը օկուպացնում է մեկ այլ երկիր: Երբ մի երկիրը խախտում է միջազգային բոլոր օրենքները, երբ այն խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը: Իսրայելը դա անում է երկար ժամանակ, մոտ յոթ տասնամյակ: Այսօր Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Պատասխանատվության ենթարկելը նշանակում է, որ երբ Իսրայելը սխալ է գործում, նրան պետք է ասել, որ սխալ է գործում։ Իսրայելին ասել, որ նա սխալ է գործում, հակասեմականություն չէ։ Դա պարզապես սխալ գործողություն կատարող պետությանը ասելն է, որ նա սխալ է գործում։ Դա կարող էր լինել Իսրայելից բացի ցանկացած այլ պետություն, և նույնը պետք է արվեր նրա հետ։ Դա չպետք է անվանել հակասեմական։ Այսօր խաղաղությունը նշանակում է հարգել Պաղեստինի ամբողջականությունը, հարգել պաղեստինցիների իրավունքները, հարգել այն փաստը, որ պաղեստինցիները պատմական Պաղեստինի 78%-ը զիջել են Իսրայելին և նրանք ցանկանում են իրենց հողերը նյութականացնել 22%-ի վրա։ 22%-ը ճանաչվել է աշխարհի 149 երկրների կողմից, այդ թվում՝ Հայաստանի։ Մենք շատ ուրախ ենք դրա համար և ակնկալում ենք, որ մոտ ապագայում այլ երկրներ նույնպես կհետևեն մեր օրինակին»,-ընդգծել է Վարսեն Աղաբեկյանը՝ հավելելով, որ Գազայի հատվածում երկարատև հրադադարի համար աշխարհը պետք է ահռելի ջանքեր գործադրի՝ դադարեցնելու արյունահեղությունն ու պատերազմը: Նախարարի բնորոշմամբ՝ պատերազմական գործողությունների դադարեցումից հետո հարկավոր է լինելու հսկայական ջանքեր գործադրել Գազայի հատվածում կյանքը նորից հնարավոր դարձնելու համար:
Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ազդում տարածաշրջանի հայ համայնքի վրա՝ Աղաբեկյանը նշել է, որ հակամարտությունը դժվարացրել է բոլորի, այդ թվում նաև՝ տեղի հայերի կյանքը:
«Օկուպացիան խթանող գործոն է և շատ մարդկանց դուրս է մղել, այդ թվում՝ հայ համայնքին: Հայ համայնքը մեծ թվով հեռացել է, լինի դա Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում և կշարունակի հեռանալ, քանի որ նրանք ցանկանում են ավելի լավ հնարավորություններ ունենալ այլուր: Խաղաղությունը կպահպանի մարդկանց իրենց երկրում անսասան: Ահա թե ինչու՝ մենք պետք է ունենանք այս խաղաղության համաձայնագիրը այսօր, մինչև վաղը, որպեսզի կարողանանք պահպանել էթնիկ խմբերը, որտեղ էլ որ նրանք լինեն: Հայերը շատ կարևոր խումբ են Պաղեստինում: Նրանք երկար ժամանակ բարգավաճում են: Նրանք ներդրում ունեն բազմաթիվ ոլորտներում, և մենք կցանկանայինք, որ նրանք մնան և շարունակեն իրենց ներդրումը»,-եզրափակել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարարը: