«Չոր նավահանգստի» նախագիծը դեռ արդիական է․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը Մալասին
(last modified Sat, 05 Jul 2025 06:54:49 GMT )
Հուլիս 05, 2025 10:24 Asia/Tehran
  • «Չոր նավահանգստի» նախագիծը դեռ արդիական է․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանը Մալասին

Գյումրիում շարունակվում են «չոր նավահանգիստ» նախագծի իրականացման աշխատանքները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ավելի վաղ նախագիծը մշակող Շառլ Մալասը    հայտարարել էր, որ այլևս չի համագործակցում նախարարության հետ: Նրա խոսքով՝ 2024 թվականին ինքը գերատեսչությունից էլեկտրոնային նամակ է ստացել հետևյալ ձևակերպմամբ․ «Նախագիծն իմաստ չունի, քանի դեռ Թուրքիայի հետ սահմանը չի բացվել»։ Մալասը նշել է, որ հասցրել է ներգրավել պոտենցիալ ներդրողների, որոնք այցելել են Գյումրի և պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել նախագծում: Նրա գնահատմամբ՝ սկզբնական փուլում «չոր նավահանգիստը» կարող էր մոտ 2 հազար աշխատատեղ ստեղծել։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ընդհակառակը, հայտնել են, որ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումն ավարտվել է, մշակվել է իրականացման պլանը և ճանապարհային քարտեզը։ Ներկայում, գերատեսչության հավաստիացմամբ, ակտիվ աշխատանք է տարվում ներդրողների ներգրավման ուղղությամբ` ներառյալ միջազգային կառույցները: Այնուամենայնիվ, իրականացման մեկնարկի ժամկետները դեռ որոշված չեն․ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի ծրագրի օպերատոր գտնել:

«Չոր նավահանգստի» շրջանակներում նախատեսվում է ստեղծել լոգիստիկ հանգույց, արդյունաբերական գոտի, ազատ տնտեսական գոտի և պահեստային ենթակառուցվածք: Նախագիծը պետք է ապահովի ապրանքների տեղափոխումը տարբեր երկրներ՝ օգտագործելով ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտը: Դրա իրականացումը, ինչպես ընդգծում են նախարարությունում, Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժ կդառնա։ Գերատեսչությունը հայտարարել է ցանկացած շահագրգիռ կողմի հետ մանրամասները քննարկելու պատրաստակամության մասին։

Ինչ վերաբերում է Շառլ Մալասի արտահայտություններին, նախարարությունից պարզաբանել են, որ նա իսկապես զբաղեցրել է խորհրդականի պաշտոնը և մասնակցել է նախագծի մշակմանը մինչև 2024 թվականի մարտը, երբ նրա հետ պայմանագիրը խզվել է։

Հիշեցնենք, որ «չոր նավահանգստի» հայեցակարգն այլընտրանք է ծովային նավահանգիստներին՝ դեպի ծով ելք չունեցող երկրների համար։ Նման լոգիստիկ կենտրոններում նավերի փոխարեն օգտագործվում են երկաթուղիները, բեռնատարները և օդային տրանսպորտը: Գյումրին ծրագրի իրականացման համար ընտրվել է զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքների առկայության և Թուրքիայի և Վրաստանի հետ սահմաններին մոտ լինելու շնորհիվ, ինչը Սև ծովի նավահանգիստներով Ռուսաստանի և Եվրոպայի շուկաներ դուրս գալու ներուժ է ստեղծում։