Վրաստանը պատրաստ է նպաստել հայ–ադրբեջանական երկխոսությանը. Կոբախիձե
Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Թուրքմենբաշիում «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ դա կնպաստի տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, ինչը չափազանց կարևոր է։
«Խաղաղության պայմանագրի քննարկման ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը կարևոր քայլ է այս ուղղությամբ», - ասել է Կոբախիձեն։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարբեր ուղղություններով ավելի ակտիվ համագործակցությանն առնչվող հարցեր։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։
Ավելի վաղ Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն X սոցցանցում հղում անելով բազմաթիվ աղբյուրների` հայտնել էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են արդեն այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Այսօր արդեն միջազգային մամուլը գրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։