Նոյեմբեր 23, 2016 12:26 Asia/Tehran
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում քննարկումներ է ունեցել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնևում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:

Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերը: Միաժամանակ, ուշադրություն է դարձվել խոշտանգման և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման, այդ ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ կապված հարցերին:

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև սահմանադրական և օրենսդրական նոր լուծումները, ինչպես նաև Պաշտպանի կանխարգելիչ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:

Կողմերը երկուստեք կարևորել են նաև ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունեության ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև նաև հատուկ զեկույցներով վերհանված հարցերը ներկայացնելու անհրաժեշտությունը:

1in.am

 

Պիտակ