Ապրիլ 19, 2024 17:06 Asia/Tehran

ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելույթում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Իսրայելի վրա պետք է ճնշում գործադրել Իրանի դեմ ռազմական գործողության կրկնությունը կանխելու համար»։

Նա նշել է․ «Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի կողմից  ուժի կիրառման և ագրեսիայի դեպքում Թեհրանը կտա կոշտ պատասխան և ռեժիմին  կստիպի ափսոսալ իր գործողությունների համար»։ 

Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը ցույց տվեց, որ ռեժիմը չի վարանում խախտել անգամ դիվանագիտական անձանց և վայրերի անձեռնմխելիության մասին Վիեննայի կոնվենցիան»։ 
Քննադատելով Իսրայելի հարձակման նկատմամբ ՄԱԿ-ի և ԱԽ-ի անգործությունն Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի  անպատասխանատու քայլերի  պատճառով, Անվտանգության խորհուրդը չկարողացավ այս անօրինական հարձակումը դատապարտող հայտարարություն ընդունել։

Նշելով, որ Իրանը միշտ դրական դերակատարություն է ունեցել տարածաշրջանային զարգացումներում, այդ թվում՝ կայուն խաղաղության և անվտանգության հաստատման հարցում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում, Աբդոլլահյանը հավելել է․ «Պահապանների կորպուսը կարևոր դերակատարություն ունի ահաբեկչության դեմ պայքարում, և դրա ապացույցն է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար,  գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանությունը Բաղդադում»։  

Աբդոլլահյանը ներկայացրել է նաև Գազայի ճգնաժամի լուծման Իրանի առաջարկը, որը ներառում է Գազայի բոլոր շրջաններում անհապաղ զինադադարի հաստատում,  շրջափակման վերացում, գերիների փոխանակում, իսրայելական ուժերի դուրսբերում այդ տարածաշրջանից, Իսրայելի նկատմամբ ռազմական էմբարգոյի կիրառում։ Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է աջակցեկ Արդարադատության միջազգային դատարանի վճռի գործադրմանը և ենթահող ստեղծել Գազայում ցեղասպանություն իրականացնողներին, լրագորղներին, հումանիտար օգնության կազմակերպությունների աշխատակիցներին և կանանց ու երեխաներին սպանողներին պատասխանատվության ենթարկելու համար։
 

Պիտակ