Իրան. Կասպից ծովի հետ կապված  գործողությունները պետք է ներառվեն Թեհրանի կոնվենցիայի համակարգում
(last modified Thu, 14 Nov 2024 12:53:20 GMT )
Նոյեմբեր 14, 2024 16:23 Asia/Tehran
  • Իրան. Կասպից ծովի հետ կապված  գործողությունները պետք է ներառվեն Թեհրանի կոնվենցիայի համակարգում

ԻԻՀ փոխնախագահ և Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարն ասել է. «Կասպից ծովի հետ կապված բոլոր ծրագրերը պետք է ներառվեն Թեհրանի կոնվենցիայի համակարգում և պետք է խուսափել դրանց կրկնությունից»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ COP29-ի շրջանակներում կայացած՝ Կասպից ծովի կարգավիճակի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունն ուսումնասիրող հատուկ խմբի հանդիպմանը, Շինա Անսարին ասել է․ «Հնարավոր ազդեցությունները նվազեցնելու և դիմադրողականությունը բարձրացնելու համար, ահրաժեշտ է խթանել տարածաշրջանային համագործակցությունը և համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել Թեհրանի կոնվենցիայի համար՝ կլիմայի փոփոխությանը հարմարվելու և Կասպից ծովի ջրի մակարդակի մոնիտորինգի ոլորտում»։

Ներկայացնելով Կասպից ծովի և Իրանի շրջակա միջավայրի վրա կլիմայի փոփոխության կործանարար հետևրանքներն Անսարին կարևորել է Թեհրանի կոնվենցիայի շրջանակներում Կասպից ծովի ափամերձ երկրների համագործակցությունը։

Նա նշել է․ «Թեհրանի կոնվենցիան արժեքավոր ուղեցույց է ափամերձ երկրների ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ապահովման, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, գիտական հետազոտությունների և Կասպից ծովի կարգավիճակի գնահատման, ինչպես նաև ափամերձ երկրների քաղաքացիների ու տնտեսության կայունության ապահովմանն ուղղված երկխոսությունների համար»։

COP29-ի շրջանակներում, Ադրբեջանի շրջակա միջավայրի նախարար Մուխթար Բաբաևի և մի շարք այլ երկրների Բնապահպանության նախարարների մասնակցությամբ, կայացել է կլոր սեղան՝ նվիրված ջրային ավազանների վրա կլիմայի փոփոխության վնասակար ազդեցությանը։

Նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը։

Համաժողովին մասնակցել է նաև Իրանի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարիի գլխավորած պատվիրակությունը։