Իրանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ
Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու անհիմն մեղադրանքով Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ԻԻՀ նավագնացության ընկերության և Iran Air-ի դեմ անօրինական պատժամիջոցներ սահմանելուց հետո, Իրանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի գրասենյակի տնօրենի օգնական Աբբաս Նադերին դատապարտել է Բրիտանիայի որոշումը, այն անվանելով միջազգային իրավունքին հակասող և նավարկության ու ծովային առևտրի ազատության սկզբունքը խախտող քայլ։
Հերքելով Ռուսաստան բալիստիկ հրթիռներ վաճառելու մասին Իրանի դեմ ուղղված անհիմն պնդումները, որոնք վերջերս հերքել է նաև Ուկրաինայի նախագահը, Նադերին ասել է. «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Իրանի օրինական համագործակցությունը այլ երկրների հետ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ։ Իսկ որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի անօրինական միջամտությունն այլ երկրների հետ Իրանի պաշտպանական համագործակցությանն անընդունելի է»։
Նա նաև նշել է, որ Իրանն անպատասխան չի թողնի Լոնդոնի անօրինական որոշումը և բրիտանական կառավարությունը պատասխանատու է նման չարդարացված քայլրի հետևանքների համար։
Թեհրանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ Իրանի բողոքը հնարավորինս արագ կփոխանցի Լոնդոնին։