Բանդար Աբբաս. բաց ջրեր մուտք գործելու Ուզբեկստանի հնարավորությունը
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգիստը դարձել է Ուզբեկստանի գլխավոր ուղին՝ համաշխարհային շուկաներ մուտք գործելու համար։
Նավահանգիստը կարող է Իրան-Ուզբեկստան տնտեսական համագործակցությունը պարզ առևտրից հասցնել կայուն լոգիստիկ գործընկերության և ներդրումների մակարդակի։ Իրանի և Ուզբեկստանի միջև երկկողմ առևտրի ծավալը վերջին հինգ տարիների ընթացքում 250 միլիոն դոլարից աճել է մինչև գրեթե 500 միլիոն դոլարի։ Երկու երկրները հետևում են 2 միլիարդ դոլարին հասնելու նպատակին։
Pars Today-ի տվյալներով՝ ավելի քան 250 իրանական ընկերություններ սկսել կամ ընդլայնել են իրենց գործունեությունն Ուզբեկստանում։ ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շնորհիվ, մաքսային սակագները նվազել են և հնարավորություն է ստեղծվել 10 անուն ապրանքների դեպքում իրականացնել զրոյական մաքսատուրքով առևտուր։ Մաքսատուրքերից բեռնատարների ազատումը նվազեցրել է տրանսպորտային ծախսերը, իսկ Հյուսիս-Հարավ միջանցքը, որն օգտագործում է Բանդար Աբբասը, Ուզբեկստանի համար ապահովում է կայուն բազմամոդալ երթուղի։
Վերջերս կայացած գործարար համաժողովը և Իրան-Ուզբեկստան համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի երկամյա «ճանապարհային քարտեզն» ամրապնդել են գյուղատնտեսության, շինարարության և սննդի արդյունաբերության ոլորտներում համատեղ նախագծերի հիմքը։
Առաջիկայում Հյուսիս-Հարավ միջանցքում կգործարկվի Բելառուս-Իրան նոր երկաթուղային երթուղին, իսկ դրանից հետո՝ Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան նոր կոնտեյներային երկաթուղային երթուղին, որը կկրճատի ապրանքների տարանցման ժամանակը մինչև մոտ երկու շաբաթ։
Այս երթուղին, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում, կապահովի արագ և հուսալի տարբերակ, կբազմազանեցնի Բելառուսի արտահանումը և կամրապնդի կապերը Արևմտյան Ասիայի շուկաների, մասնավորապես՝ Իրանի հետ։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել տարանցումը Մինսկի հետ։
Հյուսիս-Հարավ միջանցքը, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի միջոցով, Իրանը կկապի Եվրոպայի և Ռուսաստանի հետ և կարևոր դեր կխաղա տարածաշրջանային առևտրում։