Հուլիս 05, 2021 18:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ավելի քան 30 երկրներ մտահոգված են ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ

Ավելի քան 30 երկրներ, ներառյալ Ռուսաստանը, Իրանը, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Չինաստանը և Սիրիան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի ընթացքում հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ արտահայտելով իրենց խորը մտահոգությունը ԱՄՆ-ում փախստականների պահման կենտրոններում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ և կոչ են արել շտապ միջոցներ ձեռնարկել խնդրին լուծում տալու համար:

Այդ երկրները նշել են, որ ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա մարդու իրավունքների իր խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե օգտագործի մարդու իրավունքները որպես գործիք՝ այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար: Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի մշտական ​​դեսպանները, հասարակական կազմակերպությունները և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը: Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չեն Շուն հանդիպմանը նշել է, որ ապաստան հայցողների անվտանգությունը, արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է պաշտպանվեն վճռական գործողություններով: Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Բելառուսի, Իրանի, Սիրիայի և Նիկարագուայի ներկայացուցիչները նույնպես կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միգրանտների կամայական կալանքը և փախստական ​​երեխաների հարկադիր բաժանումը ծնողներից:

Երկար տարիներ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ ԱՄՆ-ն այժմ ճանաչվում է որպես մարդու իրավունքների ամենամեծ խախտողներից մեկը: Մարդու իրավունքների ամենակարևոր խախտումներից մեկը ապաստան հայցողների հանդեպ անմարդկային վերաբերմունքն է, որոնք ցանկանում են Միացյալ Նահանգներ մուտք գործել երկրի հարավային սահմաններով: Ազգային անվտանգության պաշտոնյաները նշում են, որ անցյալ տարվա հոկտեմբերից ԱՄՆ-Մեքսիկա սահմանն ապօրինի հատելուց հետո ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալ է ձերբակալվել:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես դեմ էր ներգաղթյալների մուտքին: Նա 2017 թ.-ին ԱՄՆ-ի հարավում սահմանային պատ կառուցելու նախագիծ է իրականացրել՝ կանխելու Մեքսիկայից և Լատինական Ամերիկայի այլ երկրներից ներգաղթյալների մուտքը: 2018 թ.-ին «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն որդեգրելով, Թրամփը կարգադրեց անօրինական ներգաղթյալների երեխաներին առանձնացնել ծնողներից՝ այդպիսով ցույց տալով, որ նա ներքին և արտաքին քաղաքականության մեջ ոչ միայն եսակենտրոն և ավտորիտար է, այլև շատ թույլ է մարդկային ու բարոյական ոլորտում և հիմնականում չի հավատում բարոյական և մարդու իրավունքների չափանիշներին:

ԱՄՆ-ի գործող նախագահ՝Ջո Բայդենը քարոզարշավի ընթացքում խոստացավ, որ կհրաժարվի Դոնալդ Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականությունից: Չնայած որոշ փոփոխություններին՝ հարավային սահմաններից ԱՄՆ մուտք գործել ցանկացող լատինաամերիկացի ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը շարունակվում է: Ազգային անվտանգության վարչությունը հայտարարել է, որ նախորդ վարչակազմի կողմից բաժանված ներգաղթյալ ընտանիքների անդամներին վերամիավորելու նոր վարչակազմի ենթադրյալ փորձը դանդաղ է անցել, և այս ամիս Բայդենի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրենց ընտանիքների են վերադարձվել ընդամենը յոթ երեխաներ: Բայդենը, չնայած հերքում էր, որ ապաստան հայցողների վիճակը Միացյալ Նահանգների հարավային սահմանում «ճգնաժամային» է, հայտարարեց, որ իր վարչակազմը քրտնաջան աշխատում է փախստական ​​երեխաներին ծնողներին վերադարձնելու ուղղությամբ, բայց ի վերջո հուսահատություն հայտնեց այդ կապակցությամբ:

Ավելի քան 30 երկրներ հայտարարություն տարածելով, դատապարտել են ԱՄՆ-ի անմարդկային վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ և կոչ են արել բարեփոխել իրավիճակը: Այդ բոլորը վկայում են այն մասին, որ Բայդենի վարչակազմը շարունակում է վատ վերաբերվել ապաստան հայցողների նկատմամբ և խախտում է հումանիտար չափանիշները:

Պիտակ