Մայիս 27, 2022 17:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինը նախապայման է սահմանել ռուսական սննդամթերքի և քիմիական նյութերի արտահանման համար

Հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնը հայտարարել է ռուսական սննդամթերքի և քիմիական նյութերի արտահանումը վերսկսելու նախապայմանը:

Անդրադառնալով սննդի պակասի ու գնաճի վերաբերյալ աշխարհում առաջացած մտահոգություններին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հացահատիկի և քիմիական պարարտանյութերի արտահանումը կվերսկսվի, եթե հակառուսական պատժամիջոցները չեղարկվեն։

Նա չի նշել սակայն թե արդյոք ի նկատի ունի միայն Ռուսաստանի՞ց արտահանումը, թե՝ նաև Ուկրաինայից, որը դադարեցվել է փետրվարի վերջին՝ Մոսկվայի նավահանգիստների փակման պատճառով։ Պուտինն այս մասին հայտարարել է հինգշաբթի օրն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում։

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը և Ուկրաինան միասին ապահովում են համաշխարհային հացահատիկի 30 և յուղոտ սերմերի 80 տոկոսը, ինչպես նաև համաշխարհային եգիպտացորենի զգալի մասը, և միևնույն ժամանակ Ռուսաստանը քիմիական պարարտանյութերի ամենամեծ արտահանողներից մեկն է, այս ռազմավարական ապրանքների արտահանման դադարեցումը պարենային ճգնաժամ է առաջացրել աշխարհում և նույնիսկ նախազգուշացումներ են հնչել մոտ ապագայում աշխարհում սովի տարածման կապակցությամբ:

Նախքան պատերազմն Ուկրաինան աշխարհի ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթի հիմնական մատակարարն էր այլ երկրներին, հատկապես Հյուսիսային Աֆրիկայի ավելի աղքատ երկրներին: Հացահատիկը ներկայումս պահվում է ուկրաինական սիլոսներում և այն հնարավոր չէ տեղափոխել:

Փորձագետները զգուշացնում են, որ ցորենի համաշխարհային պաշարները սահմանափակ են, ինչը մատակարարման շղթայում առաջացած խնդիրների ու աննախադեպ երաշտների հետևանք է: Բացի այդ, ամբողջ աշխարհում առաջացել է քիմիական պարարտանյութերի պակաս:

Gro Intelligence-ի փորձագետ Սառա Մենկերն ասում է. «Համաշխարհային պարենային անապահովությունը հասել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր աննախադեպ մակարդակի»:

Մենկերը ՄԱԿ-ին տեղեկացրել է, որ աշխարհում եղած ցորենը կբավականացնի տասը ամիս: ԱԽ հատուկ նիստում եունեցած ելույթում, նա ասել է. «Պարենային ճգնաժամի հիմնական պատճառը ռուս-ուկրաինական պատերազմը չէ, սակայն այն ավելի է սրել իրավիճակը»:

Ներկայումս Մոսկվան ու Կիևն իրար մեղադրում են սննդամթերքի արտահանումը խափանելու մեջ: Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռոդենկոն չորեքշաբթի օրն Ուկրաինային մեղադրել է նավահանգիստներում ականներ տեղադրելով հացահատիկի արտահանումը դադարեցնելու մեջ: Ուկրաինան հերքել է մեղադրանքը, իր հերթին հայտարարելով, որ Ռուսաստանը բեռնատար նավերին թույլ չի տալիս խարիսխ նետել, իսկ օկուպացված տարածքներից գողանում է հացահատիկի պաշարները:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները դժվար թե չեղարկեն հակառուսական պատժամիջոցնեչրը, որոնք սահմանվել են Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու պատրվակով: Վաշինգտոնն ու նրա արևմտյան դաշնակիցներն այս պատերազմը լավ հնարավորություն են համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով այդ երկրին թուլացնելու և տնտեսությունը փլուզելու համար: Ուստի դժվար թե այս երկրները համաձայնեն թուլացնել կամ չեղարկել հակառուսական պատժամիջոցները:

Միևնույն ժամանակ, Արևմուտքը մշտապես մեղադրում է Ռուսաստանին էներգիան և պարենային ապրանքները որպես զենք օգտագործելու մեջ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը հայտարարել է. «Ռուսաստանը պարենային պաշարները որպես զենք է օգտագործում, ինչն ունենալու է լայնածավալ համաշխարհային հետևանքներ: Նույնը տեղի է ունենում էներգետիկ ոլորտում»։

Ի պատասխան Արևմուտքի թշնամական գործողությունների, Մոսկվան սահմանափակումներ է կիրառել հատկապես «ոչ բարեկամ» երկրների դեմ, հայտարարելով, որ համաշխարհային գյուղատնտեսության համար կենսական նշանակություն ունեցող սննդամթերքի և քիմիական պարարտանյութերի արտահանումը կվերականգնվի միայն պատժամիջոցների վերացման պայմանով:

Փաստորեն պարենային հիմնական ապրանքների մատակարարման հարցն այս պահին փակուղում է, ինչն աշխարհին սպառնում է աննախադեպ պարենային ճգնաժամով:

 

 

Պիտակ