Հունվար 22, 2023 18:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարների հաղորդագրությունը. ԻՀՊԿ-ի դեմ Եվրախորհրդարանի քայլը՝Իրանի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն է

Ընդգծելով, որ թշնամին լրատվական, հոգեբանական ու տնտեսական պատերազմներում պարտվել է ժողովրդի զգոնության, ինչպես նաև հեղափոխության ու իսլամական համակարգի ձեռքբերումներին ժողովրդի ցուցաբերած աջակցության արդյունքում, Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները դատապարտել են ԻՀՊԿ-ի անունն ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու Եվրախորհրդարանի որոշումը:

Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարները ԻՀՊԿ-ի դեմ ուղղված Եվրախորհրդարանի քայլն Իրանի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն են համարել և ասել են.«Պահապանների կորպուսն ԻԻՀ  ռազմական հզորության և զինված ուժերի մի մասն է, որն ավելի քան 40 տարի փայլուն կերպով պաշտպանել է երկիրը»:

Հունվարի 19-ին, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կողմ են քվեարկել ԻՀՊԿ անունը Եվրամիության ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու առաջարկին: Իհարկե, Եվրախորհրդարանի վավերացրած նախագծերը պարտավորեցնող չեն և ընդամենը առաջարկ են Եվրոպական խորհրդին։

Եվրախորհրդարանի այդ որոշումն  իրականում ընդունվել է ԱՄՆ-ի գլխավորած արեւմտյան բլոկի կողմից Իրանի դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում։ ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, Իրանի խնդրի և ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրի հարցով եվրոպացիները միասնական ճակատում են ԱՄՆ-ի հետ, և հատկապես Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններից հետո կարծում են, որ նախադրյալներ են ստեղծվել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը և նրա կառույցները, այդ թվում ԻՀՊԿ-ը թուլացնելու համար:

Այդ շրջանակում, Եվրամիությունը տարբեր պատրվակներով, այդ թվում խոսքի ազատությունը և մարդու իրավունքները հովանավորելու պատրվակով, քայլ պահեց Դոնալդ Թրամփի կառավարության հետ և ընդդիմացավ ԻՀՊԿ-ին: ԱՄՆ նախկին նախագահ՝ Դոնալդ Թրամփը 2019թ. ապրիլի 8-ին, Իրանի պաշտոնական ռազմական կառույց համարվող ԻՀՊԿ-ին ներառեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի մի մասն է, որը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Իրաքում, Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում երկար և արդյունավետ անցյալ ունի և ապահովել է կայունությունն ու անվտանգությունն այս տարածաշրջանում:

Հետևաբար, Եվրամիության կողմից ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու որոշումը հակասում է միջազգային օրենքներին և իրականում դա տարածաշրջանային խաղաղության և անվտանգության թուլացմանն ուղղված քայլ է։ Միևնույն ժամանակ, Իրանում անկարգություններին աջակցելու նպատակով Իրանի դեմ Եվրոպայի վերջին ճնշումները ևս ձախողվեցին:

ԻԻՀ-ը հակադարձել է Իրանի ռազմական պաշտոնական կառույց համարվող ԻՀՊԿ-ի դեմ Եվրամիության քայլին: Այդ քայլի վերաբերյալ, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ջոզեպ Բորելի հետ զրույցի ժամանակ, Իրանի արտգործնախարար՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Մենք բազմիցս ասել ենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական և իշխանական կառույց է, որը կարևոր և կենսական դեր է խաղում Իրանի ազգային անվտանգության և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում։ Եվրախորհրդարանի գործողությունը՝ անվտանգություն ստեղծող այս կառույցն ահաբեկչության մեջ մեղադրելու հարցում, ինչ-որ կերպ ուղղված է հենց Եվրոպայի դեմ և հարված է Եվրոպային»։

Այդ զրույցում, Բորելի դիրքորոշումը ևս վկայում էր այն մասին, որ Բրյուսելը նահանջել է ԻՀՊԿ-ի դեմ իր մոտեցումից և ասել է, որ այդ նախագիծը  պարտավորեցնող բնույթ չի կրում և միայն արտացոլում է Եվրոպայի մտահոգությունը: Եվրամիության մեկ այլ ավագ պաշտոնյա ևս Wall Street Journal-ի թղթակցին ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը «ահաբեկչական» կազմակերպությունների ցուցակում ներառելը լավ առաջարկ չէ։

Թվում է, թե այս դիրքորոշումները վկայում են այն մասին, որ Եվրամիությունը նահանջել է իր որդեգրած դիրքորոշումից, հաշվի առնելով Իրանի վճռական դիրքորոշումը, այդ թվում Արևմտյան Ասիայում եվրոպական ռազմական ուժերին ահաբեկիչներ ճանաչելու վերաբերյալ Իրանի իսլամական խորհրդարանին նախագծի ներկայացնելը:

Պիտակ