Ապրիլ 11, 2024 19:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Արդյո՞ք սանձարձակ Իսրայելը կսանձվի․ Աշխարհի հայացքը դեպի Իրան և Դիմադրության առանցք

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ անցած վեց ամիսների ընթացքում մի կողմից սիոնիստների կատարած անհամար հանցագործությունները ,և մյուս կողմից երկրների ու միջազգային կազմակերպությունների անգործությունն ու անտարբերությունը Իսրայելի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների նկատմամբ զարմանալի են, և այդ պասիվությունն ու աջակցությունը հանգեցրել են օկուպացված տարածքներում Իսրայելի էլ ավելի հանդգնությանն ու դաժանությանը։

Իսրայելի հիմքը գաղութատիրությունն է, իսկ դրա լուծարումը մարդասիրական և միջազգային անհրաժեշտություն է։

Վերջին վեց ամիսների ընթացքում շուրջ 33,500 նահատակներից, ավելի քան 75,000 վիրավորներից և 7,000 անհայտ կորածներից և Գազայի լայնածավալ ավերածություններից բացի, Իսրայելի հանցագործությունները ապրիլի 1-ին (իրանական ֆարվարդին ամսի 13-ին) կարելի է ուսումնասիրել տարբեր տեսանկյուններից և դրանք կարող են փոխել Գազայի պատերազմում առկա բազմաթիվ հավասարումներ: Այդ թվականին, Իսրայելը մի քանի գործողություններով խախտել է Ժնևի կոնվենցիան, Վիեննայի կոնվենցիան և Հռոմի կանոնադրությունը:

Առաջին՝ Իսրայելի բանակը ապրիլի 1-ի (ֆարվարդին ամսի 13-ին) առավոտյան հայտարարեց, որ հաջողությամբ ավարտել է իր երկշաբաթյա գործողությունը Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցում և դուրս է եկել այնտեղից։  Երկշաբաթյա պաշարումն ու հարձակումը Ալ-Շիֆայի հիվանդանոցի վրա հանգեցրել են այս բժշկական համալիրի ավերածություններին և ամբողջական փակմանը: Հիվանդանոցը ոչ միայն հիվանդների և վիրավորների համար բուժում ստանալու վայր էր, այլև Գազայի վրա Իսրայելի հարձակումից հետո այն ապաստան դարձավ հազարավոր անօթևան պաղեստինցի փախստականների համար:

Իսրայելական զորքերի նահանջից հետո հիվանդանոցի ներսում և դրսում հայտնաբերվել են տասնյակ դիակներ՝ որոնց ձեռքերն ու ոտքերը կապած են եղել, որոնց վրա կային խոշտանգումների հետքեր, կամ պայթյունի հետևանքով մասնատված  կամ իսրայելական տանկերի տակ տրորված մարմինների մասեր։

Ըստ հրապարակված տեսանյութերի՝ հիվանդներին փակի տակ պահել և թողել էին առանց խնամքի ու սննդի։

Իսրայելի ռազմական հարձակումը Ալ-Շիֆա հիվանդանոցի և քաղաքացիական անձանց վրա, այդ թվում՝ հիվանդների և բժշկական անձնակազմի, լրագրողների և փախստականների, որոնք տեղակայված են հիվանդանոցում,1949 թվականին ընդունված Ժնևի չորրորդ կոնվենցիայի 18-րդ և 19-րդ հոդվածների և 1977 թվականին ընդունված լրացուցիչ արձանագրությունների կոպիտ խախտում է։ 


Շիֆա հիվանդանոցը՝ Իսրայելի հարձակումներից հետո

Երկրորդ. Մի քանի ժամ անց հաղորդվեց, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հրթիռային հարձակման և շենքի ավերման հետևանքով նահատակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ անդամներ, այդ թվում՝ Ղոդս ստորաբաժանման Սիրիայի և Լիբանանի թևի հրամանատար՝ գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին,  նրա տեղակալ  Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ով Սիրիայում Իրանի ավագ սպաներից ու խորհրդականներից էր,  և նրանց զինակից հինգ սպաներ և Սիրիայի և Լիբանանի մի քանի քաղաքացիներ։ 

Այս հարձակումը ոչ միայն Սիրիայի տարածքի վրա հարձակման վառ օրինակ էր՝ որպես Իրանի հյուպատոսության հյուրընկալող երկիր, այլ նաև Իսրայելի կողմից դիվանագիտական ​​վայրում Իրանի քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչություն։

Վերջին վեց ամիսների ընթացքում Իսրայելը թիրախավորել է առնվազն երեք երկիր՝ Սիրիան, Լիբանանը և Իրանը, փորձելով ընդլայնել պատերազմի շրջանակն իր ահաբեկչական գործողություններով։

Իսրայելի ապրիլի 1-ի գործողությունը Վիեննայի կոնվենցիայի խախտում էր։ Հյուպատոսական հարաբերությունների մասին  1963 թվականի ապրիլի 24-ին ընդունված Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն՝ «Հյուպատոսական շենքերն անձեռնմխելի են այնքանով, որքանով դա նախատեսվում է սույն հոդվածով»:

Նման  գործողությունների նկատմամբ անգործությունը կարող է ծանր  հետևանքներ ունենալ։ 

Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական հարձակումից հետո Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը

 

Երրորդ՝ նույն օրը երեկոյան «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» կազմակերպության յոթ բուժաշխատողներ, որոնք գնացել էին Գազայի հատված սնունդ բաժանելու, վերադառնալիս նահատակվել են Իսրայելի օդային հարձակման հետևանքով։ Սա այն դեպքում, երբ այս բարեգործական կազմակերպության անդամների տեղաշարժն արդեն հայտնի էր իսրայելական բանակին։

Այս բարեգործական կազմակերպության հիմնադրի խոսքով՝ Իսրայելը նրանց թիրախ է դարձրել համակարգված  կերպով և ավտոմեքենաներով։

Գազայում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հարցերով բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր այս տարածքում զոհվել է ավելի քան 200 մարդասիրական ոլորտի ծառայողներ:Անկասկած  մարդասիրական կազմակերպությունների վրա նման հարձակումների նպատակն է փորձել դադարեցնել նրանց գործունեությունը,  ահ ու սարսափ առաջացնել , շարունակել Պաղեստինի ժողովրդին նվաստացնել ,իսկ Գազայի ժողովրդին սովի մատնելը դարձնել պատերազմական  զենք»։ 

Իսրայելի այս գործողությունը Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածի 2-րդ մասով պատերազմական հանցագործություն է և այլ իրավական  օրենքների խախտում, որոնք կիրառելի են միջազգային զինված հակամարտություններում։

Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Գազայում մարդասիրական օգնության շարասյան վրա

Չորրորդ՝ նույն օրը Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Բենիամին Նեթանյահուի ներկայացրած «Ալ-Ջազիրա օրենքի» նոր նախագծին, որով «անհապաղ փակվելու է» Ալ-Ջազիրա ցանցը և արգելվելու է նրա գործունեությունը Գազայի պատերազմի լուսաբանման պատճառով: Չնայած այս օրենքը կրում է «Ալ Ջազիրա» անվանումը, այն կարող է ներառել ցանկացած արտասահմանյան ալիքի հեռարձակում։

Սա այն դեպքում, երբ մինչ այս գործողությունը,  «Ալ Ջազիրայի» երկու լրագրողների, նրա օպերատորներից մեկին և 147 այլ լրագրողների  սպանելուց բացի, որոշ լրագրողների ընտանիքներ նույնպես  նահատակվել են  Իսրայելի սանձազերծած վերջին պատերազմի ընթացքում։ «Ալ Ջազիրա»-ն փակելու նոր գործողությամբ Իսրայելը կկանխի պաղեստինցիների էթնիկ զտումների և իսրայելական հանցագործությունների մասին լուրերի և ապացույցների հրապարակումը:

   Գազայում լրագրողների նահատակությունը

 

Հինգերորդ. Վերջին օրերին Բայդենի վարչակազմը կանաչ լույս է վառել երկուսուկես միլիարդ դոլարի արժողությամբ սպառազինության նոր փաթեթ, ներառյալ ռումբեր ու կործանիչներ Իսրայելին փոխանցելու համար: Զենքի այս փաթեթը ներառում է ավելի քան 1800  երկու հազար ֆունտանոց (950 կգ) MK84 բազմաֆունկցիոնալ  և  500   500-ֆունտանոց (225 կգ) MK82 ռումբեր:

Բացի այդ, ըստ հրապարակված լուրերի, ԱՄՆ կառավարությունը վերջնականացնում է  Իսրայելին սպառազինության նոր փաթեթի վաճառքը և Կոնգրեսին ճնշման տակ  է դրել ընդունել 50 F-15 կործանիչ, 30 «օդ-օդ» հրթիռ և 18 միլիարդ դոլարի արժողությամբ այլ զինամթերք իսրայելին վաճառելու նախագիծը։  

Հաշվի առնելով այն ինչ ասվեց՝  աշխարհի միայն մեկ երկիր կարող է  առավոտյան՝ հիվանդանոցային մեծ համալիրի ավերակներից նահանջելուց և  երկու շաբաթ շարունակ հիվանդներին ու փախստականներին սպանելուց հետո, պարծանքով  դա  հաջողություն որակել,  իսկ ցերեկը հարձակվել հարևան երկրում դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող  մի երկրի հյուպատոսության վրա և սպանել իրանցի, սիրիացի և լիբանանցի մի քանի մարդկանց, երեկոյան հարձակվել մարդասիրական կազմակերպության վրա և թիրախավորել պաղեստինցի, ավստրալացի, լեհ, բրիտանացի և կանադացի յոթ մարդու վրա, այնուհետև օրենք ընդունել արգելելու հեռուստատեսային ցանցի գործունեությունը, սակայն նրա հանցագործությունները շարունակեն քողարկվել , և իր հովանավորների կողմից զինվի ժամանակակից զենքերով։ Ինչո՞ւ։