Դեկտեմբեր 03, 2016 19:09 Asia/Tehran
  • Վիշեգրադյան խումբը փորձում է խույս տալ էմիգրանտներին ընդունելու պատասխանատվությունից

Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան ներկայացնող Վիշեգրադյան խումբը  Միջին Արևելքից էմիգրանտներին ընդունելու պատասխանատվությունից խույս տալու համար  Ուկրաինայի քաղաքացիներին հորդորում է տեղափոխվել Եվրոպա: Առայսօր մոտ երկու միլիոն ուկրաինացիներ որոշ եվրոպական պետությունների հորդորներով տեղափոխվել են Եվրամիության անդամ երկրներ, որպեսզի լուծեն այդ երկրներում աշխատուժի պակասի հետևանքով առաջացած խնդիրները:

Մոտ 100 հազար ուկրաինացի ապրում է Չեխիայի Հանրապետությունում և մեկ միլիոնը Լեհաստանում: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպական երկրներում ուկրաինացիների թիվը 2015 թվականին հասել է 500 հազարի:

ԵՄ-ի անդամ արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրները դեմ են Միջին Արևելքից ժամանած էմիգրանտներին ընդունելուն:Մասնավորապես պատերազմի մեջ գտնվող միջինարևելյան երկրներից՝ այդ թվում Իրաքից, Սիրիայից ու Աֆղանստանից փախստականների հսկայական հոսքը բարդություններ է ստեղծել Եվրոպական երկրների համար: Եվրոպական երկրները չնայած իրենց տված խոստումներին և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարություններին, հրաժարվում են ընդունել փախստականներին և նրանց դեմ խիստ օրենքներ են սահմանում: 2016 թվականի մարտին փախստականների հարցերով ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ստորագրվեց համաձայնագիր: Այդ թվականից ի վեր դանդաղել է փախստականների հոսքը:

Այնուամենայնիվ այսօր եվրոպական շատ երկրներ տարբեր պատճառաբանություններով չեն ընդունում փախստականներին: Այն երկիրը, որը դառնում  է ԵՄ-ի անդամ, պետք է ընդունի միության բոլոր օրենքները և դրանք գերադասի իր ներքին օրենքներից: Սակայն ներկա դրությամբ փախստականների ճգնաժամը և դրա  հետևանքները պատճառ են դարձել, որ արևելյան ու կենտրոնական Եվրոպայի փոքր երկրները՝ այդ թվում Ավստրիան, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան, Չեխիան ու Լեհաստանը նախապատվությունը տան իրենց ինքնիշխանությանը, այլ ոչ թե ԵՄ-ի օրենքներին և իրենց ուսերից թոթափեն փախստականներին ընդունելու պատասխանատվությունը, ինչը հարուցել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի,  Իսպանիայի  և նույնիսկ Հունաստանի բողոքը: Նրանք երկրներից պահանջում են ենթարկվել փախստականների հարցով Եվրոպայի ղեկավարների ընդունած որոշումներին:

Փաստորեն Վիշեգրադյան խմբի անդամ արևելյան Եվրոպայի չորս երկրները ոչ միայն գործարք են կնքել փախստականներին չընդուելու հարցով, այլև Ուկրաինայի քաղաքացիներին հորդորել են տեղափոխվել ԵՄ-ի երկրներ: Փախստականներին ուկրաինացիներով փոխարինելու քաղաքականություն որդեգրելով այդ երկրները մերժում են մուսուլման փախստականներին: Նրանց կարծիքով մուսուլման փախստականները կարող են խախտել  իրենց մշակութային ու հասարակական համախմբվածությունը: Հարց է ծագում, թե արդյո"ք եվրոպական երկրները՝ հատկապես Բրիտանիան ու Ֆրանսիան, որոնք Միջին Արևելքում իրենց ավերիչ քաղաքականությամբ նման էմիգրացիայի ծագման պատճառ են դարձել, այժմ պիտի իրենց ուսերից թոթափեն պատասխանատվության բեռը:

 

Պիտակ