Դեկտեմբեր 24, 2016 19:24 Asia/Tehran
  • Մերկելը Գերմանիայի անվտանգության օրենքների վերանայման հրաման է արձակել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այդ երկրի անվտանգության օրենքները վերանայելու և առկա թերությունները քննարկելու հրաման է արձակել:

Հիշեցնենք, որ վերջերս 24-ամյա թունիսցի Անիս Ամրին բեռնատարով հարձակվել էր Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառ այցելած ամբոխի վրա՝  խլելով 12 մարդու կյանք։  Դեպքի հետևանքով վիրավորվել է 48 մարդ: Այդ ահաբեկչական ակտի պատճառով Մերկելի դեմ քննադատությունների  ալիք է բարձրացել: Արձագանքելով այդ քննադատություններին՝ Մերկելը հանդես է եկել անվտանգության խիստ միջոցներ կիրառելու պահանջով:

Մերկելը Գերմանիայի արդարադատության նախարարին և  երկրի իշխանություններին հրամայել է անհապաղ քննարկել այդ  խնդրի  բոլոր կողմերը: Գերմանիան եվրոպական երկրների մեջ ամենաշատ փախստականներ ընդունող երկիրն է համարվում, ինչը բազում քննադատությունների տեղիք է տվել: Գերմանիայում անվտանգության կանոնները վերանայելու վերաբերյալ Մերկելի կարգադրությունն այն առումով է կարևորվում, որ Գերմանիայի կառավարությունն այդ քայլով փորձում է վերացնել այն թերությունները, որոնք ահաբեկիչներին հնարավորություն  են տալիս մտնել Գերմանիա և ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այս կապակցությամբ Գերմանիայի կանցլերն ասել է.«Բեռլինում վերջին ահաբեկչական ակտի հեղինակ Ամրիի խնդիրը բազում հարցերի տեղիք է տվել, որոնք վերաբերում են ոչ միայն վերջին ոճրագործության, այլ այն ժամանակաշրջանին, երբ նա ժամանել է Գերմանիա: Փաստորեն Ամրին 2015 թվականին է ժամանել այդ երկիր: Գերմանիայի  պաշտոնյաները հանրային կարծիքի  և ընդդիմադիր կուսակցությունների ճնշումների ներքո վերջին ահաբեկչական գործողության պատճառների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար փորձում են՝ անվտանգության կանոնների վերանայման խոստում տալով պակասեցնել իրենց դեմ ուղղված քաղաքական ճնշումները:

Եվրոպացի պաշտոնյաները զգուշացրել են, որ Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտը չպետք է շահարկվի փախստականների վրա ճնշում գործադրելու համար։ «Բեռլինում ահաբեկչությունը չպետք է փակի փախստականների ուղին դեպի Եվրոպա»․նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Եվրոպան պետք է ապաստան տրամադրի մարդկանց, որոնք փախչում են հակամարտության գոտիներից կամ ահաբեկչությունից։ Սխալ է բոլոր փախստականներին կասկածել ահաբեկչության համար»․ասել է Յունկերը:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչն ընդգծել է Եվրամիության ներքին անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով Գերմանիայի աջամետ կուսակցությունների ճնշումները, Գերմանիայի կառավարությունը ավելի խիստ դիրքորոշում կորդեգրի փախստականների նկատմամբ: Ի հավելումն դրան, ներկայումս Գերմանիայի կառավարության համար ահաբեկչական ակտը դարձել է առիթ, որպեսզի սկսի  այդ երկրից արտաքսել փախստականներին:

Գերմանիայի կոալիցիոն կառավարության կուսակցությունները հակազդելով Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական ակտին, պահանջել են փախստականների նկատմամբ ավելի խիստ կանոններ կիրառել: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և մյուս ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են վերանայել փախստականների վերաբերյալ որոշումները և նրանց ընդունելու ժամանակ խիստ վերահսկողություն սահմանել: Այդ կուսակցությունները փախստախանների հարցը կապում են ահաբեկչական սպառնալիքների  մեծացման հետ: Այնուամենայնիվ մի փախստականի ահաբեկչական քայլը բոլոր փախստականներին վերագրելն անտրամաբանական է և այդ պատրվակով փախստականների արտաքսումն մարդկային չէ:

 

Պիտակ