Հոկտեմբեր 11, 2024 10:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.  Իրանը՝ Իրաքի ու Սիրիայի Դիմադրության ուժերի կողքին

Սիրիայի և Իրաքի Դիմադրության խմբերն աջակցում են Լիբանանին՝ Սիոնիստական ռեժիմի հետ պատերազմում։

Սիրիան ԴԻմադրության առանցքի երկրներից է, որը մեծ դերակատարություն է ունեցել այս ճակատի առջև ծառացած խնդիրների կարգավորման հարցում։

Աշխարհագրական և ռազմավարական դիրքի պատճառով Սիրիան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կարևորագույն երկրներից է, որը ռազմավարական կամրջի դեր է խաղում «Հեզբոլլահի», «Անսարալլահի» և «Հաշդ ալ-Շաաբիի» միջև։

Սիրիան կարևոր  տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, իսկ աշխարհագրական առումով կամրջի դեր է խաղում Իսլամական Հանրապետության ու «Հեզբոլլահի» միջև։

Սիոնիստական ռեժիմի հետ 33 և 22-օրյա պատերազմներում Դիմադրության խմբավորումների հետ Սիրիայի համագործակցությունը, այդ երկրի միջոցով «Հեզբոլլահին» Իրանի օգնությունն ինչպես նաև «Հեզբոլլահի» ու Թեհրանի  աջակցությունը Դամսկոսին՝ ահաբեկչության դեմ պատերազմից հետո, վկայում են ԱՄՆ-ի գլխավորած իմպերիալիստկան համակարգին դիմակայելու հարցում Դիմադրության առանցքի և Սիրիայի ռազմավարական հարաբերությունների խորության մասին։

1982 թ․ «Հեզբոլլահի» ստեղծումից հետո, Սիրիայի հանգուցյալ նախագահ Հաֆեզ ալ-Ասադը երկակի դիրքորոշում ուներ խմբավորման  նկատմամբ։  Պանարաբիստական ու սեկուլար գաղափարներ ունեցող Ասադը կրոնական ու ջիհադական գաղափարախոսություն ունեցող «ՀԵզբոլլահին» սպառնալիք էր համարում և ավելի մեծ տեղ էր տալիս «Ամալ» կուսակցությանը։ Սակայն 1990-ական թվականներին Սիրիայի ու «Հեզբոլլահի» հարաբերությունները փոխփովեցին։

Իսրայելի դեմ պայքարից ու ռեժիմին մեծ կորուստներ պատճառելուց հետո, Սիրիան փոխեց իր վերաբերմունքն այս խմբավորման հանդեպ ու ռազմավարական դաշինք կնքեց «Հեզբոլլահի» հետ՝ Իսրայելին Լիբանանի հարավից դուրս մղելու համար։

2006թ 33-օրյա պատերազմում Սիրիան ռազմական օգնություն ցուցաբերեց «Հեզբոլլահին»։ Իսկ երբ  2011թ․ Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, զոհերի թվի աճը, բանակի մասնատումը, որոշ շրջանները հետ չգրավելու անկարողության պայմաններում «Հեզբոլլահի» ռազմական ու խորհրդատվական աջակցությունը և պարտիզանական պատերազմի ոլորտում ռազմական փորձի օգտագործումը պատճառ դարձան, որ սիրիական բանակը վերականգնվի։ Այսպիսով, «Հեզբոլլահը» կարևոր դեր խաղաց Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման գործում:

«Հեզբոլլահի» և Սիրիայի միջև կապն այնպիսին է, որ այժմ, երբ Սիոնիստական ռեժիմը Լիբանանում համակողմանի պատերազմ է սկսել խմբավորման դեմ, միաժամանակ թիրախավորում է Սիրիան, որպեսզի թույլ չտա  Դամասկոսին աջակցել «Հեզբոլլահին»։

Իրաքն այսօր նույնպես Դիմադրության առանցքի կարևորագույն  խաղացողներից է։ 2003թ.-ին Իրաքի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակումը կարելի է համարել մեծ շրջադարձ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որի ընթացքում տապալվեց Սադդամ Հուսեյնի ռեժիմը և ավարտվեց իրաքյան «Բաաս» կուսակցության կեսդարյա իշխանության ժամանակաշրջանը: Այդ ժամանակից սկսած Դիմադրության շիա խմբերը կարևոր դեր են խաղացել Իրաքի զարգացումներում։ Այդ խմբերը, բացի օտար ուժերի դեմ պայքարից ու անվտանգություն հաստատելուց, պայքարում էին նաև սուննիաբնակ նահանգներում ահաբեկչական խմբավորումների դեմ։

2014 թվականին Իրաք ԻԼԻՊ-ի ներխուժումից հետո երկրի  շիաների գերագույն առաջնորդ այաթոլլա Սիստանին ստորագրեց հրամանագիր՝ ԻԼԻՊ-ի դեմ  պայքարի համար ժողովրդական ուժերի մոբիլիզացիայի վերաբերյալ։

Արդյունքում ձևավորվեց «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորումը, որը 2014-ից 2017 թվականներին Իրաքում կարևոր դեր է խաղացել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Իրաքի նախկին վարչապետ Հայդեր ալ-Աբադին 2016 թվականի փետրվարին ստորագրեց հրամանագիր, որում նշված էր, որ «Հաշդ ալ-Շաաբին» անկախ և մշտական ուժ է, որը երկրի զինված ուժերի մաս է կազմում և գտնվում է Իրաքի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո։

ԻԼԻՊ-ի դեմ պայքարն առավել քան երբևէ մեծացրեց Իրանի, Դիմադրության խմբավորումների և «Հաշդ ալ-Շաաբիի» համագործակցության անհրաժեշտությունը։

Իրաքի Դիմադրության ուժերը, առանցքի մյուս խմբավորումներից մի քանիսի նման, հետևում են քաղաքական իսլամի մոդելին, որը հիմնված է վիլայաթ ֆաղիհի վրա, քարոզում է նահատակության մշակույթը, իսլամի նկատմամբ կոսմոպոլիտ մոտեցումը և աշխարհագրական սահմաններից դուրս իսլամական դիմադրության հոսանքներին աջակցելու պահանջը։ Նահատակության մշակույթի առումով Իրաքի Դիմադրության խմբերի հարաբերությունները շատ սերտ են Լիբանանի «Հեզբոլլահի» հետ։ Այդ հարաբերությունների հիմքը դրվել է դեռևս Իրաքի օկուպացիայի առաջին տարիներին։ Այդ ժամանակ Իրանն ու «Հեզբոլլահը» կարևոր դեր խաղացին իրաքյան Դիմադրության ուժերի կազմակերպման գործում:  Իսկ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում «Հաշդ ալ-Շաաբի» ուժերին «Հեզբոլլահի» ռազմական ու  խորհրդատվական օգնությունը  և վերջինիս ռազմական ներկայությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, գաղափարական կապ ստեղծեցին լիբանանյան «Հեզբոլլահի» ու իրաքյան Դիմադրության միջև։

Գազայում Իսրայելի վարած պատերազմի հենց սկզբից իրաքյան Դիմադրության խմբերը նույնպես ուղղակի պատերազմի մեջ մտան Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի դեմ՝ ի աջակցություն պաղեստինցիների։ Այդ խմբավորումները գրավեցին տարածքներ և հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հարձակումներով մեծ վնասներ պատճառեցին Սիոնիստական ռեժիմին։

Պատերազմի հենց սկզբից Իրաքի «Իսլամական դիմադրությունը» կանգնած է եղել Պաղեստինի ժողովրդի կողքին և անցած մեկ տարվա ընթացքում  հարյուրավոր հրթիռային և ԱԹՍ-ներով գործողություններ է իրականացրել բռնազավթիչ ռեժիմի դեմ, մեծ վնաս պատճառելով սիոնիստներին։ Եվ անկախ արևմտյան կոալիցիայի սպառնալիքներից, հարձակումներից և սպանություններից, խմբավորումը շարունակել է Երուսաղեմի ազատագրման իր ուղին և ռազմավարությունը։

Վերջին օրերին Լիբանանում սկսված պատերազմի հենց սկզբից նույնպես Իրաքի Դրմադրությունը գործել է ի աջակցություն «Հեզբոլլահի» և ռազմական գործողություններ իրականացրել օկուպացված տարածքների տարբեր հատվածներում։ Հարձակումներն այնքան ուժեղ են եղել, որ դրանց անդրադարձել են անգամ իսրայելական ԶԼՄ-ները։

Սեպտեմբերի 22-ին Դիմադրության գործողություններից մեկը  ցնցեց գրավված Պաղեստինի արևելքը։ Երբ 20 մահապարտ ԱԹՍ-ներ հատեցին Սիրիայի երկինքը և հասան Տիբերիա լճի հարավային արվարձանների տասնյակ քաղաքներ, 300 հազար ավանաբնակներ, ովքեր մի քանի ամիս չէին լսել անվտանգության ազդանշանի ձայնը, վազեցին դեպի ապաստարաններ։

Գործողությունից հետո որոշ շրջանակներ կանխատեսում են, որ Իսրայելը պատասխան հարված կհասցնի Իրաքի Դիմադրությանը։

 

Պիտակ