Գազայի լիակատար օկուպացիա՞, թե՞ Վիետնամից ավելի մեծ աղետ
Սիոնիստ վերլուծաբանը զգուշացրել է, որ Գազայի լիակատար օկուպացիան ավելի մեծ սխալ կլինի, քան ԱՄՆ-ի սխալը Վիետնամում։
Իսրայելի ներսում շարունակում են Գազայում պատերազմի շարունակմանն ուղղված կոշտ քննադատությունները։ Պատերազմ, որը, վերլուծաբանների կարծիքով, Իսրայելի համար պարտություն կդառնա։
Հղում անելով Tasnim գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ սիոնիստ վերլուծաբան Նադավ Էյալը Գազայի պատերազմը համեմատել է Վիետնամի հետ և զգուշացրել, որ Գազայի լիակատար օկուպացիան կարող է ավելի մեծ սխալ լինել, քան ամերիկացի զինվորականների սխալը Վիետնամի պատերազմում։
Եդիոթ Ահրոնոթ թերթում հրապարակված հոդվածում Էյալը գրել է. ««Զինաթափել ՀԱՄԱՍ-ին» կամ «կանխել խմբավորման կառավարումը» կարգախոսները կարող են իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե Գազան ամբողջությամբ օկուպացվի»։
Նա հավելում է, որ այս սցենարն Իսրայելին կտանի անվերջ «վիետնամական ճահիճը»։
Ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ը չի պարտվել, նա ասել է. «Անցյալ մարտից ի վեր սպանվել է 38 իսրայելցի զինվոր։ Դա նշանակում է ամսական միջինը 10 մարդ։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է հունիսին, ինչը ցույց է տալիս, որ ՀԱՄԱՍ-ի մարտունակությունը չի նվազել»։
Էյալը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումները տեղի են ունեցել Բեյթ Հանունի տարածքում սահմանային ցանկապատից երկու կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Տարածքներ, որոնք իսրայելական բանակը համարել է «անվտանգ»։ Նա ընդգծել է, որ այս հարձակումը ցույց է տալիս այսպես կոչված «անվտանգության պարագծի» ռազմավարության լիակատար ձախողումը։
Փորձագետն այսպես կոչված «Ռաֆահի մարդասիրական ծրագիրը» որակել է որպես «նոր պատրանք» և հավելել. «Ինչպե՞ս են նրանք ցանկանում երկու միլիոն պաղեստինցիների տեղափոխել հարավային Գազա։ Ո՞վ է վճարելու նրանց կենսապահովման ծախսերը։ Ինչպե՞ս կարող ենք կանխել ՀԱՄԱՍ-ի վերադարձը։ Նույնիսկ այս ծրագրի մշակողները հստակ պատասխան չունեն»։
Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի հաղորդավար և վերլուծաբան Արադ Նիրը քննադատել է Գազայի հատվածում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի քաղաքականությունն ասելով. «Իսրայելի քաղաքականությունը Գազայի հատվածը հարկադիր աշխատանքային ճամբարի վերածելն է»։
Նիրը քննադատել է բոլոր պաղեստինցիներին Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք բռնի տեղափոխելու Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի վերջին ծրագիրը, որն ըստ նրա կլինի «մարդասիրական քաղաք»։
Նա նշել է. «Երբ դուք մարդկանց կենտրոնացնում եք ճամբարներում և կերակրում նրանց ավերակների մեջ, դուք իրականում ստեղծում եք համակենտրոնացման ճամբար»։
Գրող Ռանան Շաքեդը, եբրայերեն «Եդիոթ Ահարոնոթ» թերթում Նեթանյահուի հասցեին սուր քննադատություն պարունակող հոդվածում գրել է. «Նա զբաղված է քարոզարշավի աշխատանքներով, ճանապարհորդում է Վաշինգտոն և լուսանկարվում Թրամփի հետ, մինչդեռ ամեն օր զինվորներ են սպանվում»։
Շաքեդը հավելել է. «Վարչապետն անտեսել է ընտանիքների տառապանքը։ Բանտարկյալների վերաբերյալ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Մինչդեռ պատերազմի սկզբից անցել է 640 օր»։
Սիոնիստ վերլուծաբանը նշել է. «Հանրությանը վաճառվում է հաղթանակի պատրանք, մինչդեռ բանակցություններում բացթողումները նեղացնելու մասին պնդումները որևէ կապ չունեն մարտադաշտի արյունալի իրականության հետ»։