Սիրիայում տեղի ունեցող անկարգությունները հայերին չեն առնչվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i239734-Սիրիայում_տեղի_ունեցող_անկարգությունները_հայերին_չեն_առնչվել
Սիրիայի տարբեր հատվածներում զինված ջոկատների հարձակումները և զանգվածային անկարգությունները հայերին չեն առնչվել, որոնք բնակվում են Հալեպում, Լաթաքիայում և Հոմսի կենտրոնական հատվածում։
(last modified 2025-11-27T07:39:11+00:00 )
Նոյեմբեր 27, 2025 09:49 Asia/Tehran
  • Սիրիայում տեղի ունեցող անկարգությունները հայերին չեն առնչվել

Սիրիայի տարբեր հատվածներում զինված ջոկատների հարձակումները և զանգվածային անկարգությունները հայերին չեն առնչվել, որոնք բնակվում են Հալեպում, Լաթաքիայում և Հոմսի կենտրոնական հատվածում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին տեղեկություններ հայտնվեցին, որ զինված ջոկատները Հոմսում հարձակվել են հայերի և ալավիների վրա։  Անկարգությունները սկսվել էին ալավիների ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։  Որոշ տվյալներով՝ ջարդերի առիթ էր հանդիսացել սուննի ամուսնական զույգի սպանությունը։

«Երկու օր առաջ էր, Հոմսի հարավային արվարձաններից մեկում մի դեպք տեղի ունեցավ՝ ամուսիններ սպանվեցին։ Այդ ժամանակ լուրն անմիջապես տարածվեց։ Ի դեպ, կա մի իրականություն, որ Հոմսի այդ հատվածում կա թաղամաս, որը կոչվում է «Էրմեն», իբրև թե հայկական թաղամաս, բայց տասնամյակներ շարունակ այդտեղ հայեր չեն ապրում։ Հայերը վերջին տարիներին ավելի կենտրոնացել են Հոմսի կենտրոնական հատվածներում։  Սա է պատճառը, որ հայտնում են, թե հայերի վրա էլ են հարձակվել։ Այդպիսի բան ամենևին էլ չկա»,- նշեց Պողիկյանը։

Հարցին, թե ինչ իրավիճակ է Հալեպում, Պողիկյանը շեշտեց՝ երբեմն անկարգություններ են լինում, նույնիսկ խաղաղ ցուցարարներն են մի քանի անգամ «պոռթկացել»։  Վստահեցրեց՝ այնուամենայնիվ, ամեն ինչ կառավարելի է, իրավապահները հսկում են։

«Մեզ համար էլ որևէ արգելք չկա, երեխաների դպրոց են գնում, մեր եկեղեցական արարողություններն իրականացվում են, ամեն բան բնականոն կերպով ընթանում է։  Բերիո Հայոց թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանն օրեր առաջ Լաթաքիայում էր, Սուրբ Աստվածածին եկեղեցու անվանակոչության տոնին էր մասնակցում։ Նա այցելել էր նաև Լաթաքիայի հայկական վարժարան ու վերադարձել Հալեպ»,- նշեց «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

Անդրադառնալով Հալեպում խուճապի վերաբերյալ լուրերին՝ Պողիկյանը նշեց՝ որոշ լարվածություն կա, բայց ամեն դեպքում իրավիճակը վերահսկելի է։

Ինչ վերաբերում է Երևան-Հալեպ ուղիղ չվերթերին, Պողիկյանը նշեց, որ քաղաքի օդանավակայանն արդեն բաց է ու չվերթերը բնականոն կերպով իրականացվում են։

Հիշեցնենք, որ նոյմեբերի 25-ին Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել՝ կապված ալավիների և քրիստոնյաների ջարդերի հետ։ Հանրահավաքներ են անցկացվել ինչպես Հոմսում, այնպես էլ Սիրիայի այլ քաղաքներում՝ Տարտուսում, Ջաբլում, Կարդախում, Լաթաքիայում։ Լույս նոյեմբերի 26-ին սիրիացի զինված գրոհայինները ջարդեր են կազմակերպել ալավիների բնակության շրջաններում։